‘
Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում՝ որպես թեկնածու, շարունակում է լայնորեն քննարկվել լրատվամիջոցներում: «Независимая газета»-ի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովում կարևոր հայտարարություն է անելու, որը պարբերականը կապում է «նախագահական ընտրությունների մասնակցության» հետ:
Փորձագետների կարծիքով՝ նախագահի հետ Սոբչակի փակ հանդիպման ընթացքում, «հավանականությունը չափազանց մեծ է», որ քննարկվել է հենց Սոբչակի հնարավոր դերակատարումը նախագահական ընտրապայքարում:
Ըստ Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչևի՝ եթե անգամ այդպես չէ, ապա Կրեմլին ձեռնտու է նման ինտրիգ հրահրել և ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել: «Իրականում՝ Սոբչակը կարող է շատ ավելի ձայն հավաքել, քան շատերը կարծում են. կին է, խոսքը տեղը, ընդունակ հեռուստահաղորդավար է, կարողանում է հակահարված տալ: Բանավեճերի առումով՝ հիանալի թեկնածու է: Եթե նա հանդես գա Զյուգանովի և Ժիրինովսկու դեմ, ապա վերջիններիս բանը բուրդ է: Քսենյայի մասնակցությունը կբարձրացնի ընտրապայքարի ջերմաստիճանը»,- հայտարարել է փորձագետը:
Փոխանցում է BBC-ն:
‘