‘Ինչու Հայաստանում բենզինը չի էժանանում ‘

1275

Բենզինի գներն ընկնում են ամբողջ աշխարհով մեկ՝ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում  այն կտրուկ էժանացել է: Ամեն ինչ տրամաբանական է՝ նավթի գների շեշտակի անկումը նպաստում է նաև բենզինի գների նվազմանը: Բենզինի գների անկումը նաև այլ ապրանքատեսակների գների նվազմանն է հանգեցրել: Այժմ Եվրոպայում գնանկում է նկատվում:

Հայաստանում բենզինի գինը ոնց կար նավթի գների պիկի ժամանակ, այնպես էլ մնացել է, կարծես մենք Մարսից ենք բենզին բերում և ոչ մի կապ չունենք միջազգային շուկայի հետ: Թեև՝ կար ժամանակ, երբ բենզինի շուկան ազատ էր, և մեր շուկան արձագանքում էր միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններին: Եթե չեք մոռացել՝ երբ իննսունականների կեսերին նավթի և բենզինի գները կրկին նվազել էին, բենզինը կտրուկ էժանացել էր Հայաստանում, այնքան, որ վարորդներն արդեն կատակում էին, թե այսպես շարունակվելու դեպքում բենզին լցնելիս ոչ թե վճարելու ենք, այլ մեզ են վճարելու:

Ինչևէ, դա եղել է վաղուց: Հիմա այլ վիճակ է: Եւ ամենակարևորը՝ հիմա Հայաստանի թիվ մեկ պաշտոնում հայտնվել է մի մարդ, որի երազանքը մեկ ֆեոդալի տնտեսություն ստեղծելն է: Գնացեք և հարցրեք Միշա Բաղդասարովին, թե ինչու նա այլևս Հայաստան բենզին չի ներկրում: Իսկ կար ժամանակ, որ նա ներկրողների մեջ երևացող դեմք էր: Նույն հարցը տվեք նաև Ֆլեշ Բարսեղին՝ Բարսեղ Բեգլարյանին: Հարցրեք և լսեք, թե նա ինչ կասի այն մասին, որ բենզին ներկրողից վերածվել է սովորական չինովնիկի՝ այլ գործարարի մոտ աշխատող պաշտոնյայի: Ավելի պարզ ասած՝ նա հիմա բենզին վաճառող է դարձել: Հավանաբար՝ նա կխոսի նաև Ռոսնեֆտ Արմենիա նորաստեղծ ընկերության, նրա իրական սեփականատերերի՝ Սերժ Սարգսյանի ու փեսա Միքայել Մինասյանի, ինչպես նաև՝ այնտեղ իր դերակատարման մասին:

Այսօր բենզինի շուկայում, մի աննշան բացառությամբ, լիակատար մենաշնորհ է: Եւ ինչպե՞ս հույս ունենալ, որ այս դեպքում բենզինի գները կնվազեն: Նման բան չի լինի, քանի դեռ այս շուկայում մենաշնորհ է: Իսկ մենաշնորհն էլ այնքան կմնա, քանի դեռ թիվ մեկ պաշտոնում Սերժ Սարգսյանն է:

Հետևությունը մեկն է՝ եթե ցանկանում եք, որ Հայաստանում բենզինի գները նվազեն, և լինի առողջ մրցակցություն, ապա այս իշխանությունները չպետք է լինեն:

Նախորդ հոդվածը‘Դրամը շարունակում է արժևորվել’
Հաջորդ հոդվածը‘Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը — Մաս 2’