Ինչպե՞ս ձևակերպել իշխանափոխության անհրաժեշտությունը. ՉԻ

470

Հայաստանում օրեցօր ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, թե մեզ միայն իշխանափոխությունը կփրկի։ Բայց արդյո՞ք միայն իշխանափոխությունը բավարար է, ու հենց որ այս ապիկարները հեռանան՝ բոլոր հարցերը միանգամից լուծվելու են։

Խնդիրն իշխանափոխության անհրաժեշտությունը չէ․ այս իշխանությունների յուրաքանչյուր օրը նորանոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, և սրանց՝ օր առաջ հեռանալը բացարձակ առաջնահերթություն է։ Խնդիրն ընդամենը այն է, որ մեզանում, որպես կանոն, մարդիկ իշխանափոխություն են պահանջում ոչ թե այն պատճառով, որ տվյալ իշխանություններն, ասենք, երկիրը տարել են սխալ ուղղությամբ, այլ որովհետև իշխանափոխությունն ընկալում են որպես նրանցից վրեժ լուծելու միջոց։ 1998-ին, օրինակ, շատերը ցնծությամբ ընդունեցին պալատական հեղաշրջումը զուտ այն պատճառով, որ ուզում էին վրեժ լուծել «մութ ու ցուրտ տարիների» համար ու չէին ուզում լսել ո՛չ շրջափակման, ո՛չ պատերազմի, ո՛չ հաղթանակի մասին, ու թքած ունեին, որ էներգետիկ ճգնաժամը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է հաղթահարվել, ոչ թե հեղաշրջումից հետո։ Ավելի ուշ նույն այդ զանգվածը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջում ոչ թե այն պատճառով, որ նրանք սխալ ճանապարհ էին ընտրել՝ փորձում էին սառեցնել արցախյան հակամարտությունն ու պետության ռազմավարական ենթակառուցվածքներն էլ հանձնում էին Ռուսաստանին, այլ որովհետև ուզում էին վրեժ լուծել նրանց ազգուտակի թալանած միլիարդների համար։ Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, շատ լավ հասկացել էր դա, դրա համար էլ գնաց ոչ թե 2008-ի ճանապարհով (երբ հանգամանորեն բացատրվում էին իշխանության բոլոր սխալներն ու ներկայացվում դրանց անխուսափելի կործանարար հետևանքները), այլ շեշտը դրեց նախկիններից վրեժ լուծելու վրա՝ ի՞նչ սխալների վերլուծություն, ի՞նչ աշխարհաքաղաքական խնդիրներ, ի՞նչ ռազմավարություն, «գալու ենք սաղին սատկացնենք, ունեցվածքը խլենք, վերադարձնենք ձեզ», և վերջ։ Ու նույնն էլ հիմա է․ եթե իշխանափոխություն ենք պահանջում զուտ այս տհասներից վրեժ լուծելու և լափած պարգևավճարներն ու կոռուպցիոն «փայերը» քթներից բերելու համար, ապա դա, որքան էլ արդարության տեսանկյունից միանգամայն տեղին լինի, միևնույն է՝ մեզ դուրս չի բերելու այս վիճակից։ Հասարակությունն ինքն իր համար պիտի կարողանա ձևակերպել, թե ինչու է անհրաժեշտ իշխանափոխությունը՝ հանուն պետության, և ոչ թե «ճշտով»։

Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մեր տիպի երկրներում ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում ոչ թե սխալների համար, այլ «մուռ հանելու», ինքը ոչ թե սխալներից է վախենում, այլ ժողովրդի վրեժից։ Սխալների համար որևէ «կռուտիտ» կգտնի, իսկ ահա վրեժի ծարավի դեպքում հազիվ թե փրկվի։ Դրա համար էլ անընդհատ ուզում է ժողովրդին ցույց տալ, թե ինքը նրանցից մեկն է։ Սկզբում ավելի պարզունակ մեթոդներով էր անում՝ «տան եղած-չեղածը ապառիկով եմ առնում», «հեծանիվով եմ գնում գործի», «տեսա՞ք, ճանապարհային ոստիկանությունը կնոջս տուգանել է» և այլն, հետո՝ կորոնավարակը «քաշած արաղով բուժելու» խայտառակության ու համաճարակային խայտառակ իրավիճակի ֆոնին, մի քանի անգամ էլ ինքը «վարակվեց», պատերազմի օրերին՝ իր տղան էլ որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ, հետո՝ «տեսեք, ադրբեջանցիները միայն ձեզ չեն նվաստացնում, անձամբ ինձ էլ են նվաստացնում» ․․․

Մի խոսքով՝ իշխանափոխությունը մեզ «մուռ հանելու» համար չի պետք, պետությունը ճիշտ ուղղությամբ տանելու համար է պետք։ Իսկ «մուռ հանելն» արդարադատության խնդիրն է։

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԱվստրիայի կանցլերը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային (տեսանյութ)