‘Ինչպե՞ս ստանալ տարեկան 4 մլն 552 հազար դրամ աշխատավարձ, բայց հաշվին ունենալ 75 մլն դրամ և $40 հազար. Փոխոստիկանապետ լինելը բավարար է’

1138

Փոխոստիկանապետի դրամական միջոցները 19 անգամ գերազանցել են նրա տարեկան աշխատավարձը:

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը այդ պաշտոնում է 2008թ.-ից: Նա ոստիկանապետի մյուս տեղակալների համեմատ ամենահարուստն է:

Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ստացել է 4 մլն 552 հազար 80 դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Բացի այդ, նրա հաշվին 2011-ի տարեսկզբին եղել է 75 մլն դրամ, տարեվերջին` 72 մլն: Անփոփոխ է մնացել միայն դոլարային դրամական միջոցը` 40 հազար:

\"\"

Հ. Պողոսյանի կինը` Նունե Հովհաննիսյանը որևէ եկամուտ չունի: Տարեսկզբին ունեցել է 10 հազար դոլար, իսկ տարեվերջին` 0:

Ոստիկանապետի տեղակալի հայրը` Հրաչ Պողոսյանը, նշված տարում դարձյալ որևէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվեհամարին տարվա սկզբին եղել է 140 միլիոն դրամ, որը տարավերջին 0 է դարձել: Անփոփոխ է մնացել արտարժույթով ունեցած գումարը` 100 հազար դոլար:

Հունան Պողոսյանի մայրը` Հեղինե Պողոսյանը կենսաթոշակառու է: Նրա տարեկան եկամուտը գոյացել է հենց ստացած կենսաթոշակից` 336 հազար դրամ: Սակայն նրա հաշվեհամարին եղել է 1 մլն 500 հազար դրամ և 5000 դոլար:

Հունան Պողոսյանի որդու` Հրաչյա Պողոսյանի միակ եկամուտը ստացած նվիրատվությունն է` 140 մլն դրամ: Նա այդ գումարով ձեռք է բերել հողամաս և բնակելի տուն: Հավանաբար Հրաչյայի նվերը պապից է, քանի որ վերջինս ունեցել է նույնքան գումար 2011-ի տարեսկզբին, որը տարեվերջին զրոյական է դարձել:

Հրաչյա Պողոսյանն ունի նաև դրամական միջոցներ` 10 մլն դրամ և 24 հազար դոլար (տարեսկզբին` 25 հազար դոլար):

Ոստիկանապետի տեղակալի դուստրը նույնպես եկամուտ չի ստացել: Հեղինե Պողոսյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 10 հազար դոլար:

Աղբյուրը՝ hetq.am

 

 

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է մշակույթի նախարարությունը Կոբզոնին հեռու պահում լրագրողներից’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Մեդվեդեւից’