‘Ինչպես են իշխանությունները լուծել Ղարաբաղի հարցը ‘

880

Ձեզ թվում է` մենք ԼՂ հարցը չե՞նք լուծել: Կարծում եք` Հայաստանի իշխանությունները հարցը հորով-մորով չե՞ն արել: Սխալվում եք: Հայաստանի գործող իշխանությունները վերջին տասը տարում մի Ղարաբաղի հարց արդեն լուծել են: ԼՂ հարցը ձեզ համար սոսկ տարածքի՞ խնդիր է: ԼՂ հարցը նախեւառաջ մարդու, մարդու իրավունքների խնդիր է: Տարածքը կենսունակ է` եթե այդ տարածքում մարդ է ապրում: Չկա մարդը` ժամանակի ընթացքում չկա նաեւ տարածքը: Որովհետեւ տարածքը, առաջին հերթին, հենց մարդու համար է: Այսօր, ըստ պաշտոնական վերջին տվյալների, Ղարաբաղն ունի 145 հազար բնակչություն: Բայց Ղարաբաղի հարցը ինքն իրենով սոսկ սովորական հարց չէ. այն փոխկապակցված է Հայաստանի բնակչության հետ: Պարզ է, չէ՞, որ եթե Ղարաբաղի թիկունքում չկա Հայաստանը, չկա նաեւ Ղարաբաղը: Իսկ Հայաստանն էլ, նախեւառաջ՝ մարդիկ են: Հայաստանը եւս սոսկ տարածք չէ: Չի կարող դատարակ տարածքը անվտանգության երաշխավոր լինել որեւէ սուբյեկտի համար: Բացառված է: Ու գիտեք՝ ի՞նչ է պարզվում: Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝  վերջին տասը տարում (ՀՀ 2001 թվականի մարդահամարի համեմատությամբ) առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է 130 823 մարդով, իսկ մշտական բնակչությանը` 194 157 մարդով: Այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Դուք հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում 194 հազար մարդ: Դա մի ամբողջ Ղարաբաղի բնակչություն է: Դա մի ամբողջ Ղարաբաղ է: 194 հազար քաղաքացի լքել է երկիրը: Մարդիկ, ովքեր Հայաստան են: Մեզանից 194 հազարը: Հայաստանը մենք ենք: Չկանք մենք` չկա Հայաստանը: Եթե մենք գնում ենք, եթե մենք գնալով արտագաղթում ենք, եթե մենք պակասում ենք, ուրեմն՝ Հայաստանն էլ մաս-մաս, կամաց-կամաց փոքրանում է: Լոռու կամ Տավուշի կամ մեկ այլ մարզի որեւէ գյուղի դատարկված տունը հենց դատարկվող Հայաստանն է խորհրդանշում: Հայաստանը: Հայաստանը, որը միայն Երեւանը չէ: Հայաստանն այն կիսատ ընտանիքներն են, որտեղ ամուսինները ամիսներով չեն տեսնում իրենց կանանց ու երեխաներին, այն դատարկված կամ դատարկվող գյուղերն են, որտեղ երիտասարդները հատուկենտ են դարձել, այն տներն են, որտեղ այլեւս լույս չի վառվում, որի դռները ոչ ոք ամիսներով չի բացում: Այն մարդիկ են, ովքեր մեկնում ու այլեւս չեն վերադառնում: Այն երիտասարդներն են, ովքեր այլեւս այստեղ զինվորական ծառայություն չեն անցնում: Այն փոքրիկներն են, ովքեր այստեղ այլեւս առաջին դասարան չեն գնում: Ու դուք դեռ կասկածո՞ւմ եք, որ այս իշխանությունները չեն լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը: Լուծել են` սկսելով ամենակարեւորից: Նրանք դատարկում են Հայաստանը, որը նաեւ Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:

Պարգեւ Ապրեսյան

Լուսանկարը` PanARMENIAN-ի

 

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանը կարող է հեռանալ «Կրասնոդարից»’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Կգա ժամանակը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպենք’