‘Ինչպես եւ սպասվում էր. «Լիդիան»-ը ստացել է Ամուլսարի ոսկու հանքարդյունահանման թույլտվությունը’

1305

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Լիդիան ինթերնեյշնլի հայաստանյան դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին հատկացրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը: Ինչպես նշվում է Գեոթիմ ընկերության տարածած հաղորդագրությունում, սա թույլտվությունների տրամադրման վերջին փուլն էր, որը ընկերությանը իրավունք է ընձեռում իրականացնել Ամուլսարի ծրագիրը Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան: Թույլտվությունը ներառում է.
ա) ծրագրի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջարդիչ կայանը, փոխակրիչը, կույտային տարրալվացման հրապարակը,
բ) հանքարդյունահանման թույլտվություն  բացահանքերի համար,
գ) գործունեության իրականացման տեղանքի սահմանումը,
դ) ընդերքօգտագործման պայմանագիր, որը ընդգծում է հանքարդյունահանման բնույթը և տևողությունը: 

«Լիդիանը» հիմնադրվել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայում և հայկական «Գեոթիմ» ՓԲԸ  միակ բաժնետերն է: Վերջինը 2006 թվականին թույլտվություն է ստացել Ամուլսարում որոնողագնահատման աշխատանքներ անցկացնելու համար:

Հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, տարեկան նախատեսվում է արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար):

 

Միաժամանակ, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Ամուլսարում՝  հանքավայրի շահագործումը ռիսկային է, իսկ Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունն այստեղ, արդեն իսկ բավական է հանքի շահագործումը թույլ չտալու համար, քանի որ դա բխում է նաև օրենքից: 
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը երաշխավորում է կենդանական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը և արգելում ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

Մասնագետները, սակայն, նաեւ աղետալի կանխատեսումներ են անում հատկապես սարի մոտակայքում ապրող բնակչության, եւ Ամուլսարի հարեւանությամբ գտնվող Ջերմուկ առողջարանական կենտրոնի համար:

Մասնավորապես, արդեն իսկ հայտարարվել է, որ Ամուլսարի հանքում գտնվող 70 տոննայից ավելի ուրանը տարածաշրջանը ռադիացիայի է ենթարկելու:

Իսկ Ամուլսարի նախաձեռնությունը հայտարարել է, որ «Ամուլսարի ծրագրի ռիսկերը անկառավարելի բնույթ ունեն: Այդ ռիսկերի նկարագրությունը, օրենքների եւ միջազգային ստանդարտների խախտումները հիմք են հանդիսացել 9 հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև 210 գնդեվազցիների կողմից IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմեններին բողոքներ ուղարկելու համար: Բողոքներն ընդունված են դիտարկման եւ անցնում են աուդիտորական ստուգում IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմենների գրասենյակների կողմից:

Ինչ վերաբերում է Ջերմուկ քաղաքին, ապա Ջերմուկն ունի բոլոր հնարավորությունները բալնեոլոգիական առողջարանի վարկանիշը կորցնելու համար: Ջերմուկը կենթարկվի բաց հանքավայրի պայթեցումների, փոշու, 18 տոքսիկ տարրեր և ծանր մետաղներ  պարունակող լցակույտերի ազդեցությանը:

Ջերմուկի առողջարանային վարկանիշը պահպանելու համար ոչ մի գործողության պլան չի օգնի, եւ Ջերմուկը որպես առողջարան կդադարի գոյություն ունենալ»:

www.hra.am ն էլ հիշեցնում է, որ ըստ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: Կայքը, սակայն, հավելել է, որ «Գեոթիմ» ընկերության ղեկավարները, բնականաբար, ամբողջությամբ հերքել են հոդվածի գիտական արժեքը, իսկ այդ հարցով պետական մարմիններից պատասխանատու ՀՀ էներգետիկայի և բնական  պաշարների նախարարությունը հայտարարել է, թե փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել։ Նախարարությունն իր պատասխանում, սակայն, հղում է կատարել ոչ թե իր սեփական հետազոտություններին, այլ «Lydian International»-ի՝ այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտություններին:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու շահագործման հետ կապված այս ամբողջ պատմությունը կապվում է նախկին վարչապետ, ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ:

Հ.Գ. Ամուլսարը լեռնագագաթ է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Կա ալունիտի և ոսկու հանքավայր։

 

Նախորդ հոդվածը‘Քրիստիոնո Ռոնալդու. «Այժմ հիանալի մարզավիճակում ենք, ինչի մասին խոսում է 16 անընդմեջ հաղթանակը»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես այն մարդը չեմ, ով հրաժարական կտա»’