‘Ինչպես էին Թբիլիսիի «Դինամոյի» կողմնակիցները հարձակվել «Շիրակի» երկրպագուների վրա. Տեսանյութ’

1389

«Շիրակի» հավատարիմ երկրպագու Արթուր Մելիքյանը երեկ Թբիլիսիում ներկա է գտնվել «Դինամոյի» հետ մրցավեճին (1:1) եւ սիրողական տեսախցիկով նկարահանել է խաղից հետո տեղի ունեցած միջադեպը, երբ «Դինամոյի» մոտ 130 ֆանատներ որոշեցին հարձակվել «Շիրակին» աջակցող մի քանի տասնյակ երկրպագուների վրա, որոնցից մոտ 30-ը պատանի աղջիկներ էին, տեղեկացնում է Armsport.am-ը:

Ահա թե ինչ է պատմում Մելիքյանը տեղի ունեցածի կապակցությամբ.
«Ընկերական հանդիպում, երբ թվում է, թե ֆուտբոլիստների ու երկրպագուների նյարդերը պակաս են լարվում, առավել եւս, երբ ընկերական հանդիպում անցկացնում են հարեւան երկրների ֆուտբոլային ակումբները: «Դինամո»-«Շիրակ» ընկերական հանդիպումն ընկերական մթնոլորտում էլ ավարտվեց՝ 1 :1 հաշվով՝ երկու թիմերի համար էլ Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու հեռանկարով: Միայն թե, «Դինամոյի» երկրպագուները չգիտես որտեղից ու ինչպես՝ քաղաքական ենթատեքստ գտան:
Մեր՝ Շիրակցիներիս «թա-սի-բով»վանկարկումները նրանց ականջներին իբր հնչել է, ինչպես «Ռոսիա» (Դե իսկ Ռուսաստանն ու ռուսներին վրացիները չեն սիրում): Ի պատասխան նրանք էլ սկսեցին «Ադրբեջան» վանկարկել: Դինամոյի մարզադաշտում ներկա ընկերներս կհամաձայնեն՝ զավեշտի հասնող տեսարան էր: Դե իսկ հետո սկսվեց բախումը, ավելի ճիշտ այս բառը այնքան էլ չի սազում այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Վրացիները փորձում էին հրահրել բախում, ինչին մենք իհարկե չպատասխանեցինք, չհաշված մի քանի դատարկ շշերը, որ շպրտվեցին ի պատասխան վրացի երկրպագուների: Իսկ Դինամոյի երկրպագուների պահվածքը ավելի շատ «լակոտություն» էր, որը վրացի ոստիկանները ի զորու չեղան կանխել: Առավելագույնը ինչ կարողացան անել՝ մեզ մարզադաշտի տարածքից արագ հեռացնելն էր: Հանուն արդարության պետք է նշեմ,որ մեր անվտանգությունը վրաց իրավապահները ապահովեցին մինչեւ դուրս կգայինք Թբիլիսիից: Դինամոյականների քաջագործությունները տեսագրել եմ: Տեսախցիկս սիրողական է, այնպես որ, ոչ պրոֆեսիոնալ կադրերի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը մեկնել է Միլան’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Խփվել է հակառակորդի ՍՈՒ 25 մակնիշի ինքնաթիռ’