‘Ինչպես է Հենրիխ Մխիթարյանը վերադառնում նախկին մակարդակին’

1756

Ներկայացնում ենք ռուսական «Ֆուտբոլ» շաբաթաթերթի անդրադարձը մեր հավաքականի ավագին: 

Այս պատմությունը պետք է սկսել 2014-ի գարնանից: Բունդեսլիգայում իր առաջին տարում 25-ամյա հայ ֆուտբոլիստը անկասելի էր: Հենց առաջին օրվանից նա լեզու գտավ դորտմունդցիների հարձակվողական գծի լիդերների` Մարկո Ռոյսի ու Ռոբերտ Լևանդովսկու հետ: Գոլերն ու փոխանցումները ասես գալիս էին գերմանական փորձված կոնվեյերից (հատային բեռի փոխադրման անընդհատ գործողության մեքենա`խմբ.): Եվ թվում էր` պարզապես լավ ֆուտբոլիստից թոփ խաղացողին անցումը Մխիթարյանին չափազանց հեշտ էր տրվում:

Միայն արդյունավետության կետ էր անհրաժեշտ: Կամ, ավելի ճիշտ, բացականչական նշան: Չնչին սխրանք, որը կպսակվեր «Բորուսիայի» զգալի հաջողություններով: Եվ ահա, 2014-ի ապրիլին` Մադրիդի «Ռեալի» հետ քառորդ եզրափակչի ճակատամարտում Մխիթարյանին խաղի հաշիվը ջախջախիչ դարձնելու և Դորտմունդին կիսաեզրափակիչ դուրս բերելու հարյուրտոկոսանոց հնարավորություն է ընձեռվում: Բայց ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Երկար աղեղ գծելով ու շրջանցելով ընկած Իկեր Կասիլյասին` Մխիթարյանը գնդակն ուղարկեց դեպի դարպասը: Իսկ այն…այն անարդարացիորեն դիպավ ուղղահայաց դարպասաձողին և վերադարձավ դաշտ:

Դա այդ խաղում Մխիթարյանի երրորդ վրիպումն էր: Այդ դրվագները հայտնվեցին աշխարհի բոլոր հեռուստաէկրաններին: Միկին հերոսից վերածվեց ծաղրածուի: Ոչ այնքան հաջող կերպար նույնիսկ «թոփ» պիտակը չկրող խաղացողի համար:

Եվ, իհարկե, ինչ-որ բան կոտրվեց: Ամբողջ հաջորդ մրցաշրջանում, երբ ոչինչ չէր ստացվում ոչ միայն հենց Մխիթարյանի, այլև ողջ «Բորուսիայի» մոտ, Հենրիխն ընդամենը երեք անգամ կարողացավ աչքի ընկնել առաջնության ընթացքում: Սեփական ուժերի հանդեպ վստահությունն անհետացավ: Գործակալները` Մինո Ռայոլայի գլխավորությամբ, սկսեցին այնպիսի ակումբի որոնումները, որտեղ հնարավոր կլիներ ամեն ինչ նորից սկսել:

2015-ի հունվարից չար լեզուները սկսեցին հայ ֆուտբոլիստին «Յուվենտուս» ուղարկել: Բայց երբ հայտնի դարձավ, որ Դորտմունդի նոր գլխավոր մարզիչը Թոմաս Տուխելն է լինելու, խոսակցություններն աստիճանաբար նվազեցին: Նոր մարզիչն ինքը պետք է որոշեր իրեն ով է պետք, իսկ ով` ոչ: Եվ Մխիթարյանն առաջինների ցուցակում էր: Մի շարք տակտիկական նորարարություններն ու խաղադաշտում պարտականությունների վերաբաշխումը «Բորուսիայի» խաղն անճանաչելիորեն փոխեցին: Իսկ վստահությունը վերագտած Մխիթարյանը առաջին տուրերից սկսած թիմին տանում էր իր հետևից:

Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Մարկո Ռոյսի հետ միասին նրանք ստեղծեցին իրենց տրիոն: MAR-ը մրցաշրջանի առաջին կեսում մրցակցի պաշտպանների մոտ ավելի քիչ սարսափ չէր առաջացնում, քան ավելի հայտնի BBC-ն ու MSN-ն: Հիմա Ռոյսը պարբերաբար ստվերում է հայտնվում, Օբամեյանգն էլ մի քիչ պակասեցրել է արդյունավետությունը: Բայց երբ Օբամեյանգն ընկավ, Ռոյսը կորավ, Մխիթարյանը շարունակում է առաջվա պես լավագույնը մնալ խաղադաշտում:

Հայ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղերում դարձել է 19 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ: Նեյմարը, Լուիս Սուարեսը, Կևին դե Բրյույնեն և նույնիսկ Մեսութ Օզիլը, որը ԱՊԼ-ում աջուձախ փոխանցումներ է կատարում, այս վիճակագրությունում միայն դեղին մարզաշապիկի մեջքին գրված տասը համարն են տեսնում: Նա հիանալի հարվածներ է կատարում անկյունայիններից: Նա իր ձախ եզրից այնպես է շարժվում դեպի կենտրոն, ասես բավական է փոխի ոտքը: Նա երկու ոտքով էլ խոյահարում է տուգանայինից և դեռ հասցնում է դարպասային հրապարակում ինչ-որ տեղ գտնել «թագակիր» Օբամեյանգին:

Այս ամենը տեղի ունեցավ, որովհետև Տուխելի գլխավորությամբ «Բորուսիան» ավելի խաղացող թիմ է դարձել: Կլոպպի Դորտմունդն այնպիսին էր, որ չէր հասցնում մտածել` էլ ինչպես կարելի է զարգացնել հարձակման գիծը, բացի գնդակը եզրերով տուգանային փոխանցելուց: Հիմա «Բորուսիայի» գրոհներն ավելի չափավոր ու դիրքային են: Տուխելի թիմի հարձակման գծում հավելյալ հպում կա ու մի քանի պահ` մտածելու, թե դրանով գնդակը ուր կարելի է հասցնել: Դա էլ հենց Մխիթարյանի խաղն է, որին, ի հավելումն հիմա չեն «քշում» մի քիչ հետ` պաշտպանության գոտին փակելու:

Միկին հենց ինքն էլ փոխվել է: Խաղադաշտից դուրս նա սկսել է ավելի քիչ մտածել, քան իր մասին են մտածում. «Երբ ուղեղդ բացասական մտքերով ես ծանրաբեռնում, ապա ինչ-որ լավ բան անելու շանս չունես: Վերջին ծանր մրցաշրջանն ինձնից շատ ուժ ու նյարդեր խլեց: Բայց հիմա ես բավականաչափ սառնասիրտ եմ»: Հիմա Հենրիխը հետխորհրդային տարածաշրջանի երկրների լավագույն խաղացողն է և կրկին պատրաստ է վերադառնալ «թոփ» լիգա: Կարևորը հաջորդ պահն օգտագործելն ու չկոտրվելն է: Եվ առջևում Մխիթարյանը ևս մեկ զրույց ունի Տուխելի հետ. «Մեկ տարի առաջ նա ինձ համոզեց մնալ: Գուցե Տուխելն այս անգամ էլ անհրաժեշտ փաստարկներ գտնի»:

Նախորդ հոդվածը‘Տուխելը հույս ունի՝ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Նոյեր. ՙ«Յուվեի» հետ խաղում մենք ֆավորիտ չենք՚’