‘Ինչպես է Ֆլեշի Բարսեղը փորձում լռեցնել ակտիվիստներին’

1296

iLur.am-ը արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ է, ինչ Ամիրյան 18, 18Ա, 20, 22 և 24 շենքի բնակիչները համառ պայքար են ծավալում իրենց հարևանությամբ գտնվող Բյուզանդի 87/1 հասցեում կառուցվող շենքի շինարարությունը կասեցնելու համար: Նշենք, որ շենքը կառուցվում է բազմաթիվ ճարտարապետա-շինարարական նորմերի անհամապատասխանությամբ և իր հարակից շենքերի համար վտանգավոր պայմաններ է ստեղծում: Նշված շենքերի բնակիչները հավաքել են հարյուրից ավելի ստորագրություններ՝ շինարարությունը կասեցնելու նպատակով, և մի անգամ չէ, որ տեղում արգելել են շինարարարական տեխնիկայի և բանվորների մուտքը շինհրապարակ: Բանն անգամ հասել է նրան, որ քաղաքապետն ու վարչապետը այցելել են տվյալ տարածք  և ծանոթացել բնակիչների դժգոհություններին:

Հիշեցնենք, որ շինարարությունն իրականացնող ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղի) ընկերությանը և Ֆլեշի Բարսեղը, ըստ մեզ հասած տեղեկությունների, այժմ էլ համատիրության միջոցով փորձում է ճնշումներ գործադրել Բյուզանդի 87/1 հասցեում իրեն պատկանող շենքի շինարարության դեմ պայքարող ակտիվիստների դեմ: Համատիրությունը շենքի շինարարության դեմ բողոքող բնակիչներին ինչ-ինչ պարտքեր է վերագրել և դիմել դատարան, որոշ շշուկների համաձայն էլ բողոքող ակտիվիստները խնդիրներ ունեն աշխատավայրում:

Շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչներից Անի Մանդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համատիրությունը փորձում է դատարանի միջոցով ճնշում գործադրել այն ակտիվիստների նկատմամբ, ովքեր խոչնդոտում են շենքի շինարարությանը:

Մեզ հետ զրույցում Անին նշեց, որ ինքը մեկն է այն ակտիվիստներից, որոնց համատիրությունը դատի է տվել, պնդելով, որ համատիրություն, որպես այդպիսին, գոյություն չունի և նա երբևիցէ պայմանագիր չի կնքել այդ համատիրության հետ: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ համատիրության գործողություններն ապօրինի են և անհիմն:

«Համատիրությունը ինձ վերագրում է երեք տարվա վաղեմության պարտք՝ 180 000 դրամի չափով: Եթե ես իրոք պարտք եմ եղել, ինչո՞ւ են երեք տարի սպասել»,- նշեց Անին:

Ի դեպ, դատարանը արդեն մեկ վճիռ է կայացրել ակտիվիստներից մեկի նկատմամբ՝ նրան պարտավորեցնելով համատիրությանը վճարել 150 000 դրամ:

Մեր զրուցակիցը հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ վերջերս շենքի բնակիչների մոտ է գնացել Ֆլեշի Բարսեղի ներկայացուցիչներից ոմն «Յաշան» և փորձել է բնակիչների հետ փոխհամաձայնության գալ, սակայն նրա առաջ քաշած պայմաններն ու առաջարկներն անընդունելի են եղել բնակիչների համար: Նա առաջարկել էր բնակիչների համաձայնության դիմաց՝ կառուցել 140 քմ տարածքով  խաղահրապարակ, եւ շենքի շրջակայքում ծառեր տնկել:

Հիշեցնենք նաեւ, որ վարչապետի առաջարկով շինարարության դեմ պայքարող քաղաքացիներից կազմվել էր պատվիրակություն քաղաքապետարանի հետ բանակցելու համար, սակայն Անին, որը ի դեպ այդ պատվիրակության կազմում էր, նշեց, որ քաղաքապետարանում իրենց ընդունել են ընդամենը մեկ անգամ,  որից հետո այլևս ոչ մի հանդիպում չի կայացել քաղաքապետարանի ներկայացուցիչների և բողոքող քաղաքացիների միջև, բնակիչները որևէ լուր չունեն քաղաքապետարանից: Անին նշեց, որ եթե մինչև ձմեռ իրենք որևէ տեղեկություն չստանան քաղաքապետարանից՝ «կաղբապատեն» («կզիբիլապատեն») շինհրապարակը:

«Ի՞նչ հիմունքներով նրանք կարող են շարունակել շինարարությունը: Քաղաքապետի թույլատրությամբ ճի՞շտ է: Քաղաքապետի ստորագրությունը պետք է դրվի հանրային լսումներից և բոլոր ատյաններից հետո, որ վայրկյանին, որ մենք տեսնենք թուղթը, որի վրա կլինի քաղաքապետի ստորագրությունը, նույն վայրկյանին Տարոն Մարգարյանին շենքով կտանք դատի»,- հայտարարեց Անին:

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել այս շենքերի բնակիչների համար ճակատագրական  նշանակություն ունեցող շինարարության հետ կապված զարգացումներին և նոր տեղեկությունների ի հայտ գալուն պես կտեղեկացնենք մեր ընթերցողներին:

Կարեն Թովմասյան

 

Նախորդ հոդվածը‘Ասադի դեմ պատերազմին են միանում 200 իսլամիստներ Գերմանիայից’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում են գերմանական մի շարք ակումբներ’