‘
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիա այցելած Հայաստանի 4 քաղաքացիների, այդ թվում՝ լրագրող Մհեր Արշակյանին եւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին Վանում ոստիկանությունը բերման է ենթարկել և երկար ժամանակ պահել ոստիկանության բաժանմունքում:
Ահա թե ինչ է այս մասին iLur.am-ի հետ զրույցում պատմում Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, խմբում բացի իրենից եւ Մհեր Արշակյանից, եղել են նաեւ PR մասնագետ Լեռնիկ Դալլաքյանը եւ «Անտարես»-ի վաճառքի տնօրեն Աննա Հովհաննիսյանը: Մարտիրոսյանը նշեց, որ կոնկրետ իր այցի նպատակը մարկետինգային էր՝ ցանկանում էր ուսումնասիրել շուկան, հատկապես՝ տեղեկատվական:
«Արդեն Վան քաղաքում էինք: Պատահաբար, առանց որեւէ պայմանավորածության հանդիպումներ եղան տեղի քրդերի հետ, որոնք եղբայրական զգացմունքներով լի դիմավորում էին մեզ, զրուցում: Երբ գնում էինք դեպի Աղթամար, Մհեր Արշակյանը խնդրեց, որ կանգնեցնենք մեքենան նորաշեն տների մոտ: Այնտեղ, մեկ տարի առաջ երկրաշարժ էր եղել, եւ տեղեր կային, որտեղ արդեն նոր տներ կային: Մեզ հետաքրքրել էր, թե ինչպե՞ս են իրենց մոտ մեկ տարում հարցերը լուծել, իսկ մենք 25 տարի գյումրեցի անօթեւանների հարցը չեն կարողանում լուծել: Այնտեղ մի թաղամաս կար, որտեղ լվացք էր փռած: Մհերը սկսեց նկարահանել, եւ հանկարծ այդ պահին մի կարմիր մեքնեա կանգնեց, որտեղից դուրս եկավ մի երիտասարդ, ցույց տվեց ոստիկանի ժետոնը, անգլերենով ասեց, որ մնանք մեր տեղերում, դուրս չգանք, եւ հարցնում էր, թե ինչի՞ ենք նկարահանում տարածքը՝ բացատրելով, թե դա ոստիկանների թաղամաս է: Բացատրեցինք, թե ինչու են մեզ այդ նորակառույց տները հետաքրքրել: Ասաց՝ կարող է դուք տեռորիստ եք, պիտի ստուգենք: Զանգեց, քիչ անց մի քանի մեքենաներ եկան, որոնցից մեկը ահաբեկիչներ տեղափախող մեքենա էր՝ «Անտիտեռոր» գրությամբ: Սկզբից վախենալու էր, դեդեկտիվային իրավիճակ էր, բայց երբ ռացիոնալ դատեցի՝ հասկացա, որ նրանք ուղղակի զգոն են, երեւի շատ են նման դեպքեր լինում: Մի ժամուկես մենք այդ արեւի տակ էինք մնացել, այդ ընթացքում գալիս էին տարբեր խմբեր, ստուգում էին մեր իրերը, հեռախոսները, համակարգիչները, մեքենան, հետո վերցրեցին անձնագրերը, էլեկտրոնային կրիչները: Հետո տեղափոխեցին 30 կմ հեռավորության վրա գտնվող մի շենք՝ որի վրա գրված էր Ժանդարմերիա: Երբ ներս մտանք, ցանցի հետեւում կային հիմնականում ասիական ազգությունների ներկայացուցիչներ, եւ պարզ էր, որ նրանք ձերբակալվածներ են: Մեզ դրսում նստացրեցին, իրենք մնացին սենյակում: Սկսեցին մեր անձնագրային տվյալները մուտք անել համակարգիչ:
Հետո մի անգլախոս տղա եկավ, ասեց, որ ամեն ինչ լավ է, որ մենք ձերբակալված չենք ու հետո խնդրեց, որ անպայման պետք է այցելենք հիվանդանոց, որ բժիշկը զննի մեզ, որ իրենց կողմից բռնության չենք ենթարկվել»,- պատմում է Մարտիրոսյանը: Նրա խոսքով, ոստիկանները այդ ընթացքում իրենց տարբեր հարցեր էին տալիս, հարցնում էին, թե հայ ոստիկանները ինչքա՞ն աշխատավարձ են ստանում, որքա՞ն միջին աշխատավարձը, ի՞նչ եք նայել, քանի՞ երեխաներ ունենք, իրենցից էին պատմում:
Մարտիրոսյանի խոսքով, որոշ ժամանակ անց իրենց մոտ դուրս եկավ ոստիկանապետը, ներողություն խնդրեց, ինչից հետո իրենց ուղեկցեցին հիվանդանոց:
«Այդ ընթացքում ասեցին, որ մի հատ էլ պրոտոկոլ պետք է ստորագրեք: Թուրքերեն ինչ-որ բան էր գրած՝ ասեցին, որ միջադեպի նկարագրությունն է, ես չհավատացի, գրեցի, որ ինձ համար բովանդակությունը թարգմանել է աշխատողներից մեկը եւ ստրոգրում եմ: Հետո տարան հիվանդանոց, պարզվեց՝ բժիշկը մեզ ուղեկցող ոստիկանի համադասարանցին է: Բայց չնայած դրան ֆորմալ չէր այդ զննումը, ամբողջությամբ ստուգեցին, ռեալ բուժզննում կատարեցին, ինչպես որ օրենքն է: Հետո տարան հիվանդանոցի ոստիկանություն, ի դեպ, պարզվեց, որ այնտեղ որոշ ժամանակ առաջ ոստիկան էին սպանել: Ես հասկացա, որ իրենց մոտ տեռորիստական խմբերի կողմից ոստիկանաորս է կատարվում, եւ երեւի դրանից է, որ իրենք ադպես պահեցին իրենց»,- ասում է Մարտիրոսյանը:
‘