‘
Վրաստանում ընտրված նախագահի պաշտոնակալությունից հետո ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն կսահմանափակեն երկրի ղեկավարի իշխանությունը՝ հօգուտ վարչապետի և կառավարության: Նոր Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը կդառնա գործադիր իշխանության գերագույն մարմինը, որը կապահովի երկրի ներքին և արտաքին քաղաքականության իրականացումը և հաշվետու կլինի Վրաստանի խորհրդարանին, իսկ նախագահը երկրի միասնության և անկախության երաշխավորը կհանդիսանա: Նա կպահպանի Զինված ուժերի գերագույն հրամանատարի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի կոչումները, ինչպես նաև ԱԽ-ի անդամներին նշանակելու իրավունքը: Իշխանության ճյուղերի միջև ճգնաժամ առաջանալու դեպքում, կայունությունը պահպանելու նպատակով՝ նախագահը կստանձնի դատավորի դեր: Ընդ որում՝ նոր նախագահը կզրկվի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու և խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելու իրավունքից: Նախագահն իրավունք չի ունենա միաժամանակ լինել որևէ կուսակցության անդամ: Սահմանադրության նոր խմբագրության համաձայն՝ վարչապետը կարող է փոխել կառավարությունը՝ առանց խորհրդարանի միջամտության, փոխանցում է ria.ru-ն:
‘