‘Ինչպես համադրել ԵՄ հետ ասոցիացիան եւ ԵԱՏՄ անդամակցությունը. Քննարկում’

737

Անցած հանգստյան օրերին Երեւանում տեղի ունեցավ Հարավային Կովկասում տնտեսական փոխգործակցության հարցերին նվիրված քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիական հասարակությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի փորձագետներ երկու երկրներից:

Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքումը, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալը եւ Ադրբեջանի՝ որեւէ տնտեսական միության մեջ չներգրավվելու որոշումը տարածաշրջանը կանգնեցրել է նոր տնտեսական եւ քաղաքական մարտահրավերի առաջ: Քննարկման մասնակիցները նշեցին, որ տարածաշրջանի երկրների հասարակությունները պետք է ջանքեր ներդնեն՝ ստեղծված իրավիճակից բխող ռիսկերը նվազեցնելու եւ հակառակը՝ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Խնդիրն այն է, որ ԵՄ հետ ասոցացման հիմնական տնտեսական բաղադրիչ հանդիսացող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը (DFCTA), ԵԱՏՄ-ից տարբերվող առեւտրա-տնտեսական իրավիճակ է ստեղծել: Երկու տնտեսական միությունների ներսում ապրանքների եւ ծառայությունների տեղաշարժի տարբեր պայմաններն ու տարբեր սակագնային քաղաքականությունն անխուսափելիորեն անդրադառնալու են միջպետական տնտեսական հարաբերությունների վրա: Վրաստանն իր տնտեսությունը ԽՀԱԱՀ-ից բխող ստանդարտներին պետք է համապատասխանեցնի մինչեւ 2025 թվականը, Հայաստանը եւս ԵԱՏՄ տարածքում օրենքների ունիֆիկացման փուլում է: 

Հայաստանն ու Վրաստանը, թեեւ միմյանց համար ոչ ամենաառաջին, սակայն խիստ կարեւոր առեւտրային գործընկերներ են: 2001-2016 թվականներին Հայաստանի եւ Վրաստանի ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար:

Քննարկման մասնակիցները տեսակետ հայտնեցին, որ  Եվրամիության հետ ասոցիացիան ապահովում է մուտք դեպի ավելի վճարունակ շուկա, իսկ Եվրասիական տնտեսական միությունն ավելի շատ ընկալվում է որպես քաղաքական ներգործության գործիք Ռուսաստանի ձեռքում, քան իրական տնտեսական ինտեգրացիային միտված կառույց: Ընդ որում, Եվրամիության հետ ԽՀԱԱՀ եւ ԵԱՏՄ առաջարկած ստանդարտները թղթի վրա գրեթե նույնն են:

Վրաստանցի փորձագետները նշեցին, որ Թբիլիսին առկա իրողությունների պայմաններում ձգտում է առնվազն չխաթարել ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները: Այս առումով կարեւոր է, որ նախկինում եղած առեւտրային ռեժիմները պահպանվում են:

Երկու երկրների տնտեսական առաջնահերթությունները որոշ հատվածներում հակասում են միմյանց: Մասնավորապես, Վրաստանի համար ձեռնտու չէ դեպի Իրան ու Պարսից ծոց միջանցքի գործարկումը, ինչին ձգտում է Հայաստանը, որովհետեւ դրանով կնվազի Վրաստանի նավահանգիստների՝ Բաթումի եւ Փոթիի դերը: Վրացական նավահանգիստները, ի դեպ, կտուժեն նաեւ Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու գործարկման դեպքում:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ տնտեսության ոլորտում երկու երկրների տարածաշրջանների փոխգործակցության հաջողված օրինակներ կան, սակայն առկա ներուժի միայն չնչին մասն է օգտագործվում: Պայմանավորություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները Թբիլիսիում ու Երեւանում՝ քաղհասարակության, ԶԼՄ-ների ու վերլուծաբանների մասնակցությամբ:

Ծրագիրն իրագործվում է Զինված հակամարտությունների կանխման գլոբալ գործընկերության (GPPAC) կողմից՝ Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոնի (ICCN) հետ համագործակցությամբ, որը Կովկասում ծրագրի հիմնական համակարգողն է: Հայաստանում նրա գործընկերը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն է: Ծրագիրը ֆինանսավորում է Նիդերլանդների կառավարությունը:  

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգը պայքարում է հանուն մարդու իրավունքների’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական հետախուզության վրիպումը’