‘Ինչպես չապահովել քվորում, կամ Օպերացիա Կլեոպատրա ‘

1524

Բաղրամյան 26: Սերժ Սարգսյանի աշխատասենյակ: Սերժ Սարգսյանը ծխելով նայում է պատուհանից այն կողմ: Փեսա Միքայել Մինասյանը նստած է պատուհանագոգին եւ անթարթ նայում է iPhone-ին:

 

Միք.Մինասյան-38, 39, 40, 41,42..42…42….42….

Ս.Ս.— Հը՞ն, դե ասա, էլի՞…

Միք.Մինասյան— 42…..42…..42….

Ս.Ս.— Ա դե բան ասա, բան հասկանամ: 42 ու վե՞րջ:

Միք.Մինասյան.-42….43 (ցածր ձայնով)…43…….43…..

Ս.Ս.-Դե՞:

Միք.Մինասյան-Շեֆ, (ավելի ցածր ձայնով), շեֆ….քա…ռա..սուն…..

Ս.Ս.-Նեուժե՞լի….կարա տենց բան լինի….

Միք.Մինասյան-44….45…(ձեռքից գցում է iPhone-ը):

Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը մի պահ նայում են իրար: Սարգսյանը ծխում է ավտոմատ շարժումներով եւ չի էլ նկատում, որ ծուխը փչում է փեսայի դեմքին:

Ս.Ս.-Ինչքա՞ն էր իրենց պետք:

Միք.Մինասյան-Առնվազն 44: (Գլխահակ)

Ս.Ս.-Ուրեմն, ասում ես` 45, հա՞:

Միք. Մինասյան-Շեֆ:

Ս.Ս.- Ժառանգնությո՞ւնն էլ ա հետները:

Միք.Մինասյան— Դեռ չէ, բայց հիմա դա արդեն կարեւոր չի, շեֆ:

Ս.Ս.-Ուրեմն, 45, հա՞:

Միք.Մինասյան-(գրպանից հանելով ծալովի դանակը)- Ես լավ չաշխատեցի, շեֆ, կարող ես կտրել իմ ճկույթը:

Ս.Ս.- Այ տղա, կարո՞ղ ա գիտես՝ քո համար Վովան եմ: Ես քեզ ասում եմ` 45, դու ասում ես, ճկույթս կտրի՞:

Միք. Մինասյան-Բա ի՞նչ անեմ, շեֆ:

Ս.Ս.-Ի՞նչ պետք ա անես, շտապ, արագ, շատ արագ պետք ա երկրից տարհանել Հանրապետական խմբակցությանը: Դրանց շատ չկա, դրանք սաղին ժամանակին սատարել են, դրանք կարող ա հելնեն ու գնան նիստին մասնակցեն, քվորում ապահովեն: Որ ինադու չանեն էլ, կարող ա ռեֆլեքսով անեն: Դրանք գիտեն, որ արտահերթ նիստ մենակ մենք ենք հրավիրում, ու որ մենք ենք հրավիրում` Ազգային ժողով գալը պարտադիր ա:

Միք.Մինասյան- Բա հիմա ի՞նչ անենք, շեֆ:

Ս.Ս. –Ի՞նչ պիտի անես: Ասում եմ` զանգի Գորիկ Գուրգենիչին:

Միք.Մինասյան- Հիմա զանգեմ: Էսա հեռախոսը, շեֆ, խոսեք:

Ս.Ս. –  Ալո, Սերոժ: էէէ, ասում եմ Սերոժ: Գորիկ Գուրգենիչ: Ես ձեզ համար հատուկ հանձնարարություն ունեմ: Շտապ եկեք մոտս: Ինչ հանձնարարությո՞ւն: Մարդ ա պետք գողանալ: Չէ, Սաֆարովին չէ, ուրիշի: Այսինքն՝ ուրիշների: Այսինքն` մի 75 հոգու: Պետք ա շտապ հավաքել իրանց  ու մեկ օրով մի տեղ փակել, մինչեւ: ԿԳԲ-ի պադվա՞լ: Հա, էդ լավ միտք ա: Բայց էդքան տեղ կա՞: Լավ, դե սպասում եմ:

Միք.Մինասյան- Հըն, ի՞նչ ասեց:

Ս.Ս. – Ասեց՝ հիմա կգա:

Միք.Մինասյան- Բա ո՞նց ենք գողանալու: Բա մի հատ չզգուշացնե՞նք իրենց: Գուցե մի հատ զանգեմ «Արմենիա» կամ «Արմնյուզ», ասեմ՝ մի հատ սիրուն ռեպորտաժ սարքեն էդ թեմայով, որ Հայաստանում թալիբներ են հայտնվել, եւ որ նրանց շուտով վնասարզերծելու են, գորգերի մեջ փաթեթավորեն ու տանեն ԱԱԾ մեկուսարան:

Ս.Ս. –  Ես էս տղայի ձեռքին կգժվեմ: Այ տղա, ի՞նչ ռեպորտաժ, ի՞նչ հաղորդում: Պետք ա էս ամեն ինչն անել առանց ավելորդ աղմուկի: Ոչ մեկը նույնիսկ չպետք է կռահի, թե ինչ է կատարվել: Մոտավոր, սենց մի բան պիտի լինի` կային ՀՀԿ-ի պատգամավորները, եւ հանկարծ` չկան ՀՀԿ-ի պատգամավորները: Օպերացիայի անունն էլ  կդնենք «Կլեոպատրա». որ ոչ ոք գլխի չընկնի:

Միք.Մինասյան- Լավ, շեֆ, ոնց ասես:

 

Ներս է մտնում Գորիկ Հակոբյանը, ձեռքին բջջային հեռախոսն է, որից լսվում է «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի` Թարիվերդիեւի հեղինակած երաժշտությունը:

 

Ս.Ս. –  Բարեւ ձեզ, Շտիռլից: Էէէ, ասում եմ՝ Շտիռլից, էդ երաժշտությունը որ լսում եմ, միանգամից Շտիռլիցին եմ հիշում: Բարեւ ձեզ, Գորիկ Գուրգենիչ:

Գ.Հ. –Բարեւ ձեզ:

Ս.Ս. – Կատարե՞լ եք հանձնարարությունս:   

Գ.Հ.- Այո: Իհարկե: Տեսեք: Հանրապետականներին վ ստուդիու:

Գորիկ Հակոբյանի հրահանգից հետո ներս են մտնում դիմակավոր զինված անձինք, ամեն մեկը մի-մի փաթեթավորված գորգ ձեռքին:

Բոլոր գորգերը շարժվում են: Ներսից էլ ձայներ են լսվում: «Արա, շաքարս, շաքարս..»:

 

Ս.Ս. –  Ինչ-որ մեկը լավ չի, շաքարը բարձրացել ա, բացեք, թող շունչ քաշի:

Գորգը բացում են, ներսից դուրս է գալիս Սամվել Ալեքսանյանը:

Ս.Ա. – Շաքարս մնաց: Էսօր մեծ պարտիա շաքար պիտի բերեմ, մնաց շաքարս:

Ս.Ս. –  Այ տղա, էդ դո՞ւ ես: Ես էլ գիտեմ՝ մարդ ա վատացել: Հետ փաթեթավորեք սրան:

Ալեքսանյանին նորից փաթաթում են գորգի մեջ:

Նորից ձայն է լսվում, «դեղերս, դեղերս»:    

Միք.Մինասյան- Շեֆ, էլի երեւի ինքն ա, հիմա էլ դեղերի մասին ա հիշել:

Ս.Ս. – Երեւի: Տարեք սրանց: Սրանց շատ չկա: Մեկ էլ տեսար՝ գնան քվորում ապահովեն: Խայտառակ լինենք:

Հատուկջոկատայինները դուրս են տանում հանրապետականներին:

 

Նոյեմբերի 21: Առավոտ: Սերժ Սարգսյանի աշխատասենյակ: Նստած են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը:

Ս.Ս.-Հըն, այ տղա, ի՞նչ եղավ:

Միք.Մինասյան— Վերջ, շեֆ: Քվորում չեղավ: Նիստը տապալեցինք: Կարող ենք տղերքին ազատ արձակել:

Ս.Ս.- Լավ, դե մի հատ զանգի Գորիկին:

Միք.Մինասյան— Հիմա: (Վերցնում է iPhone-ը, զանգում եւ տալիս Սարգսյանին):

Ս.Ս.-Ալո, Գորիկ: Ի՞նչ վիճակ ա ձեր մոտ: Ի՞նչ, ի՞նչ ես ասում:

Միք.Մինասյան— Ի՞նչ է պատահել, շեֆ:

Ս.Ս.-Ասում ա`էդ հանրապետականների մեծ մասը հացադուլ ա հայտարարել, իրանց հռչակել են քաղբանտարկյալներ ու բաց նամակ են գրել ԵԽԽՎ-ին:

Միք.Մինասյան-Ո՞նց: Այսինքն, էլ քյաբաբ չեն ուտո՞ւմ:

Ս.Ս.-Չէ, այ տղա, ի՞նչ քյաբաբ: Ամեն տեսակ ուտելիքից են հրաժարվել:

Միք.Մինասյան-Բայց դա անհնար ա, շեֆ:

Ս.Ս.-Այլեւս` ոչ: Էս ի՞նչ ձայներ են պատուհանիս տակ լսվում:

Միք.Մինասյան-Հիմա նայեմ:

Ս.Ս.-Հը՞, այ տղա: Ասա:

Միք.Մինասյան-Շեֆ, հանրապետականների ծնողներն ու կանայք են, նստացույց են անում ստեղ, պահանջում են ձեր հրաժարականը: Գոռում են` «Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, հեռացիր»: 

Ս.Ս.- Վայ ես դրանց անաղուհաց ինչն եմ ասել, միշտ գիտեի, որ մի օր դրանք էլ իմ դեմ դուրս կգան:

 

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին 

Նախորդ հոդվածը‘Վալդանո. Գվարդիոլան ֆուտբոլի Սթիվ Ջոբսն է’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն չճանաչվեց Պորտուգալիայի լավագույն մարզիկ’