‘Ինչպես Սարգսյանները վիրահատեցին կոռուպցիան ‘

2261

Սերժ եւ Տիգրան Սարգսյանները որոշել են Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անել վիրահատական մեթոդներով:

Հանրապետական հիվանդանոց: Գիշերվա ժամը 02-ի կողմերը: Վիրահատարանում անսովոր ակտիվություն է: Բժիշկներն ու բուժքույրերը, խառնված՝ այս ու այն կողմ են վազում: Վիրահատական սեղանն արդեն պատրաստ է: Բայց այն դեռ դատարկ է: Հանկարծ վիրահատարանի դռները բացվում են, եւ ներս են մտնում Սերժ եւ Տիգրան Սարգսյանները` սպիտակ խալաթներով: Նրանց ուղեկցող անձնակազմը վազելով ներս է բերում պատգարակը, որի վրա Հայաստանն է պառկած: Նա մահամերձ վիճակում է: Բժիշկները Հայաստանին պառկացնում են վիրահատական սեղանին եւ վախվորած մի կողմ են քաշվում:

 

Սերժ Սարգսյան – Տիգրան, պետք ա արագ սկսել: Ես վիրահատական միջամտություն եմ պահանջում: Պտի կոռուպցիան արմատախիլ անենք:

Տիգրան Սարգսյան – Շե՛ֆ, վստա՞հ եք:

Ս.Ս.- Ա հա՛ էլի, որ ասում եմ, ուրեմն վստահ եմ: Սովորական տրամաբանության մեջ չտեղավորվող բաներ ես ասում: Չե՞ս հասկանում, որ ընտրությունները սարերի հետեւում չեն:

Տ.Ս.- Շեֆ ջան, ոնց ասեք: Բայց հետո չասեք` չեմ զգուշացրել:

Միքայել Մինասյան – Շեֆ, արագացրեք, պետք ա սկսենք: Էդքան ժամանակ չունենք: Տեսախցիկներն արդեն պատրաստ սպասում են:

Ս.Ս – Դե սպասում են, սկսենք ուրեմն: Տիգրա՛ն` լանցետ:

Միք. Մինասյան – Մատո՛ռ: Կամեռա՛: Նկարում ենք:

Բժիշկներից մեկը – Պարոն Սարգսյան, պարոն Սերժ Սարգսյան…

Միք.Մինասյան – Պարոն նախագահով դիմեք, հա՞:    

Բժիշկ— Լավ, եթե պնդում եք: Պարոն Նախագահ, բանն այն է, որ վիրահատությունից առաջ հիվանդին պետք է թմրա… ըմմ, անզգայացնենք, այսինքն` նարկոզ անենք:

Ս.Ս.- Ո՞նց, Տիգրան, նարկոզ չե՞ք արել:

Տ.Ս.- Չէ, շեֆ: Չենք հասցրել: Համ էլ՝ ասել են, որ հիվանդի սրտի վիճակն էնպիսին ա, որ կարող ա նարկոզին չդիմանա:

Բժիշկ— Չէ, նարկոզ պետք է: Անպայման: Հակառակ դեպքում հիվանդն այսքան բարդ ու երկար վիրահատությանը չի դիմանա:

Ս.Ս. – Լավ, ուրեմն անզգայացրեք:

Բժիշկ— Մեր անեսթեզիոլոգն այսօր չի եկել: Ուրիշ անզգայացնող է պետք:

Ս. Ս. – Ա դե Տիգրան, քեզ չեմ ասել, որ ա՛ հարուր բան կարա լինի: Հմի մի հատ անեսթեզիոլոգի պատճառով վիրահատությունը չե՞նք անելու: Մեկին կանչեք` թող անզգայացնի:

Տ.Ս.- Շեֆ, ո՞ւմ կանչենք:

Ս.Ս.- Հմմ, էն Րաֆֆին դեռ կա՞:

Տ.Ս.- Հա:

Ս.Ս.-Կանչեք թող գա:

Տ.Ս.-Հիմա: (Վերցնում է հեռախոսը եւ մոտեցնում է ականջին): Ալո, Րաֆֆի: Եկեք հիվանդանոց: Անզգայացնելու գործ կա: Ի՞նչ Քոքոբելյան, ի՞նչ մանդատ: Չէ, Քոքոբելյանը էստեղ չի, արխային եկեք: (Անջատում է հեռախոսը): Հիմա կգա, շեֆ:

 

Ծանր լռություն: Երկու րոպեից հեւիհեւ ներս է մտնում Րաֆֆի Հովհաննիսյանը եւ սկսում է ձեռքով բարեւել բոլորին:

 

Ս.Ս.- Ժամանակ չկա էդ թիթիզությունների համար: Գործի անցիր: Անզգայացրու հիվանդին:

Ռաֆֆի Հովհաննիսյան – Ո՞ր մեթոդներով: Ավանդակա՞ն, թե՞ բժշկական:

Ս.Ս.- Փորձված մեթոդով արա, Րաֆֆի:

Ր.Հ.- Հիմա:

Րաֆֆի Հովհաննիսյանը մոտենում է հիվանդին ու ականջին կամաց շշնջում է` «քաղաքացի, դե՞ր ես»: Արձագանք չկա: «Մենք գալիս ենք»,- շարունակում է նա: Նորից արձագանք չկա: «Միասին սարեր ենք շարժելու»: Նորից արձագանք չկա:

Ր.Հ. – Բարոն նախակա, ավանդական ձեւերը չեն օգնում: Գուցե մի հատ սարերի քամին միացնենք ու պարե՞մ:

Ս.Ս.- Սրանք ինձ գժվացնելու են, է՛: Այ Րաֆֆի ջան, ի՞նչ քամի, ի՞նչ բան: Բժշկական ձեւով արա, գնա:

Րաֆֆի Հովհաննիսյանը մոտենում է հիվանդին եւ դանդաղ ու ծիսական շարժումներով անզգայացնում:

Ր.Հ. –Բարոն նախակա, գարձում եմ, որ եթե հիվանդը մի քանի օր ձոմ պահեր, ինքն իրենով կանզգայանար:

Ս.Ս.- Լավ, էլ մի փիլիսոփայի: Թող վիրահատությունն անենք: Էսպես ուրեմն, Տիգրան, լանցետ:

Տ.Ս.-Լանցետ:

Ս.Ս.-Բամբակ:

Տ.Ս.-Ահա բամբակը:

Ս.Ս.-Լավ է, հիմա պինցետը տուր:

Տ.Ս.-Ահա:

Ս.Ս.-Սպիրտ:

Տ.Ս.-Հիմա: (Վերցնում է սպիրտը):

Ս.Ս. –Ի՞նչ եղավ սպիրտը:

Տ.Ս.- Պարոն Սեյս Սարգըըսյան: Սպիրտի ոլոլորտներում պլանը կատարված է:

Ս.Ս.- Այ տղա, քեզ չասի է՛` սպիրտը քաշի ջանդ, ասի տուր ինձ:

Տ.Ս.- Պարոն Սեյս Սարգսըըսյան..

Ս.Ս.- Այ տղա, հենց խմում ես` լեզվիդ էլ չես տիրապետում: Կարգին խոսա:

Միք. Մինասյան— Ոչինչ, շեֆ, հետո կասենք՝ տեխնիկական խոտան ա: Շարունակեք:

Ս.Ս.- Լավ: Թել ու ասեղ տվեք: Տիգրան, քո հետ եմ:

Տ.Ս. –Շեֆ` չկա:

Ս.Ս.-Ո՞նց թե չկա:

Տ.Ս. –Հրայր Թովմասյանը հենց նոր տարել է:

Ս.Ս.-Ինչի՞ համար:

Տ.Ս.- Դե էն, որ բան էր բերել հաստատեինք, չհաստատեցինք: Ինքն էլ որպես բողոքի նշան որոշել ա բերանը կարի: Թել ու ասեղը եկավ տարավ, որ բերանը կարի:

Ս.Ս.-Ո՞նց կարի: Էդ ի՞նչ բողոքելու ձեւ ա:

Տ.Ս.-Շեֆ, ինքը իրավաբան ա: Ասում ա` դա նորմալ ձեւ ա:

Ս.Ս.- Սրանք լրիվ գժվել են է՛: Տարեք բերանը սկոչով փակեք, թել ու ասեղը բերեք:

Տ.Ս.-Լավ:

Նորից ծանր լռություն: Քիչ անց բերում են թելն ու ասեղը: Սերժ Սարգսյանը սկսում է կարել հիվանդի որովայնը:

Ս.Ս.- Էս ի՞նչ տարօրինակ ձեն ա: Էս ո՞վ ա ինձ քֆուր տալիս:

Միք.Մինասյան-Ոչ մեկը, շեֆ: Ի՞նչ քֆուր:

Ս.Ս.- Բա էս ի՞նչ ձեն ա: Ի՞նչ տու-տու-տու ա լսվում:

Բժիշկ— Մենք հիվանդին կորցնում ենք:

Ս.Ս.- Ո՞նց կորցնում ենք: Ո՞նց թե կորցնում ենք: Նախագահական ընտրություններին դեռ երեք ամիս ժամանակ կա: Էս հաստատ ընդդիմության արածն ա:

Սերժ Սարգսյանը պառկում է Հայաստանի վրա ու պինդ գրկելով գոռում. «Չեմ տալիս, չե՜մ տալի՜ս: Չէ՜»:

Միք.Մինասյան— Ստոպ: Դադարեցրեք նկարահանումները: Մնացածը մոնտաժ կանենք:

Բժիշկները խառնվում են իրար, փորձում են փրկել հիվանդին: Վիրահատարանում իրարանցում է սկսվում: Ինչ-որ տեղից լսվում է Տիգրան Սարգսյանի ձայնը. «Շեֆ, մենք անէանում ենք, այս ի՞նչ է կատարվում»:

 

Մեկ ժամ անց: Լուրերի շտապ թողարկում:

 

Հաղորդավար— Բարի երեկո: Եթերում Հրատապն է: Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցում Սերժ եւ Տիգրան Սարգսյանները ավարտել են Հայաստանը կոռուպցիայից ազատելու վիրահատությունը: Վիրահատությունը ծանր է եղել եւ տեւել է բավականին երկար: Ցավոք սրտի, վիրահատության ավարտից հետո կոռուպցիայի հետ մեկտեղ անհետացել են նաեւ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները: Ոստիկանությունը այժմ փնտրում է նրանց:

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին 

Կոլաժը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Նախորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանը հերքում է ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական պայմանավորվածություն ձեռք չի բերել’