‘
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր է պատրաստել, որը պաշտպանական կողմը դատարանին կներակայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով հաջորդ դատավարությանը:
Զուրաբյանը նաեւ կոչ էր արել քաղաքացիներին՝ իրենց երաշխավորությամբ եւս միանալ այս նախաձեռնությանը:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու նախաձեռնություն-կոչին, դա կարող են անել համապատասխան փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դնելով: Այն Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում է՝ Կորյունի 19 Ա՝ 4-րդ հարկ հասցեով:
Անձնական երաշխավորությունները ստորագրել կարելի է այսօր, վաղը եւ մյուս օրը՝ մինչեւ կեսօր, դատական նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ:
Նրանք, ովքեր ժամանակի խնդիր ունեն, կարող են տպել ստորեւ բերվելիք տեքստը, լրացնել այն, ստորագրել, եւ թուղթը ուղարկել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ:
Ահա տեքստի պայմանական լրացված օրինակ.
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,
տիկին` Եվա Դարբինյանին
Պետրոս Պետրոսյանից
Հասցե՝ ք.Երեւան, Պետրոս Պետրոսյան 1 բնակարան 1
Հեռ. 091-11-11-11
Խափանման միջոց ընտրված կալանավորումը
այլ խափանման միջոցով` անձնական
երաշխավորությամբ փոփոխելու մասին
Ես, Պետրոս Պետրոսի Պետրոսյանս, երգիչ, Արվեստի վաստակավոր գործիչ, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 145-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, իմ խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա եւ այլ դատավարական պարտականությունները կկատարի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով եւ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես` դատարանի դեպոզիտ հաշվին:
Հարգանքներով` (ստորագրություն) Պետրոս Պետրոսյան
«09» «սեպտեմբեր » 2013թ.
Տեքստը արդյունքում պետք է ունենա այս տեսքը
‘