‘Ինչ են գրում արևմտյան լրատվամիջոցները Սոչիի օլիմպիական խաղերից առաջ’

1154

Մինչև Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը մնացել է տասն օրից քիչ ավելի: Քանի  դեռ մարզական նորություններ չկան, լրագրողները «զբաղվում» են տեղական օլիմպիական կոմիտեներով և Խաղերի կազմակերման խնդիրներով՝ ընդհանրապես: Երկու տարի առաջ՝ լոնդոնյան օլիմպիադայից առաջ, սկանդալ ծագեց անվտանգության ապահովման անբավարար լինելու պատճառով, 2008 թ. Պեկինում սկսեցին հիշել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները և շրջակա միջավայրի աղտոտվածության սարսափելի մակարդակը: Սոչիի պարագայում էլ արևմտյան լրագորղները խայթող հրապարակումների բազմաթիվ առիթներ ունեն:

Սոչիի նախագիծն սկզբից արդեն գրգռում էր երևակայությունը. Ձմեռային խաղերն անցկացվելու են մերձարևադարձային կլիմա ունեցող քաղաքում, որտեղ նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկային: Պատահական չէ, որ արևմտյան մամուլում սկսեցին Սոչին համեմատել Սանկտ Պետերբուրգի, իսկ Վլադիմիր Պուտինին՝ Պետրոս Առաջինի հետ (վերջինս Սանկտ Պետերբուրգը կառուցել է ճահճի վրա): Այժմ գրեթե ոչ ոք կասկած չունի, որ Սոչին Պուտինի անձնական նախագիծն է՝ ցույց տալու իր հզորությունը: «Ամեն ինչ պատրաստ կլինի 2014 թ. փետրվարին Վլադիմիր Մեծին թագադրելու համար»,- հեգնում է Le Monde-ը: «Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի նախագահը, ԿԳԲ-ի նախկին գործակալը և Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահզոր մարդը, վերջապես կունենա ամենամեծ բեմահարթակը, որի հանդիսատեսը կկարողանա տեսնել մաչիզմի, դեսպոտիզմի և ցուցադրական հիմարության բացառիկ մի խառնուրդ»,- հեգնանքը շարունակում է  բրիտանական The Daily Telegraph-ը:

Օլիմպիական կենտրոններից մեկում նույն խցիկում հայտնված երկու զուգարանակոնքերը, որոնք չէին վրիպել բրիտանացի լրագրողի ուշադրությունից, և որոնց լուսանկարը հայտնվել էր համացանցում, բազմաթիվ կատակների ու մեմերի տեղիք  տվեց: Օլիմպիադայի կայքում պարզունակ հարցումը, որն այցելուներին առաջարկում էր պատասխանել՝ մե՞ծ, թե՞ հսկայական անհամբերությամբ են սպասում Խաղերի մեկնարկին, բազմաթիվ ծաղրական մեկնաբանությունների արժանացավ պուտինյան ռուսաստանում խոսքի ազատության վերաբերյալ:

Սոչիի Օլիմպիադայի թանկարժեքությունը նույնպես, բնականաբար, անուշադրության չի մատնվել: 2007 թ., երբ Ռուսաստանը նոր էր Օլիմպիադայի հայտ ներկայացրել, ծախսերի նախահաշիվը գնահատվել էր 12 միլիարդ դոլար: 2013 թ. ծախսերի ընդհանուր գումարն արդեն կազմում էր 50 միլիարդ դոլար, և դեռ չսկսված՝ Օլիմպիադա-2014-ը հայտարարվել է պատմության ընթացքում ամենաթանկարժեքը: Սոչին երեք անգամ գերազանցել է Լոնդոնին և անցել Պեկինի ռեկորդը, որը մինչև վերջերս 40 մլրդ-ով համարվում էր աշխարհի ամենաթանկարժեք Օլիմպիադան: The Economist-ը Օլիմպիադայի թափը համեմատեց խորհրդային նշանավոր շինությունների թափին՝ նշելով, որ «խորհրդային նախագծերն, այնուամենայնիվ, խամրում են Օլիմպիադայի առջև՝ ծախսված հանրային գումարների չափով»:

«Ամենթանկարժեքին» շուտով ավելացավ նաև «ամենակոռումպացված» բնորոշումը: Նույն The Economist-ի հավաստմամբ՝ «Կոռուպցիան խոշոր շինարարական նախագծերին ուղեկցող երևույթ է: Սակայն Ռուսաստանի դեպքում կոռուպցիան ուղեկցող երևույթ չէ. այն նույնքան կարևոր է, որքան սպորտային իրադարձությունը»:

Դե, իսկ արևմտյան երկրներին և լրագրողներին ամենաշատը գրգռած թեման, իհարկե, անչափահասների շրաջնում գեյ-քարոզչությունն արգելող օրենքն էր: CNN-ի լրագրողը «Ռուսական Օլիմպիադան դարձնենք ամենահամասեռականը պատմության մեջ» հոդվածում առաջարկել է յուրօրինակ պատասխան քայլ. բացման արարողությանը բոլոր մարզիկներն ու մարզիչները, ձեռք ձեռքի տված՝ ցուցադրեն ԼԳԲՏ սիմվոլիկան: «Ու թող Պուտինը բոլորին ձերբակալի»,- գրել էր նա:

Օլիմպիադան Կրեմլի համար նաև հնարավորություն էր ապացուցելու, որ Ռուսաստանում կայունություն է հաստատվել: Հյուսիսային Կովկասին մոտ գտնվող Սոչիի ընտրությունը հենց ամենասկզբից էլ անհանգստացնում էր արտասահմանյան լրատվամիջոցներին: «Պուտինն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկվում է, և տարածաշրջանում պատերազմի և անկայունության մասին խոսակցություններն անցյալում են արդեն»,- նշել է «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությունը: Վերջին շաբաթներին հենց Օլիմպիադայի անվտանգության հարցն է մղվել առաջին պլան՝ ստվերելով կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ խոսակցությունները:

Ինչևէ, բոլոր այս քննադատական հրապարակումները չեն հերքում այն փաստը, որ աշխարհը նախապատրաստվում է ոչ թե պայթյունների և ցույցերի, այլ հերթական ձմեռային Օլիմպիական խաղերին: Խաղերն անպայման կայանալու են, ու թեև համաշխարհային առաջնորդներից մի քանիսը (Բարաք Օբամա, Ֆրանսուա Օլանդ, Յոհախիմ Գաուկ և այլն) արդեն հայտարարել են, որ հրաժարվում են ժամանել Օլիմպիադային, դա չի խանգարի, որ Օլիմպիական խաղերը մեկնարկեն:

Ըստ Lenta.ru-ի                                   

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ինչո՞ւ է հոգուս վիզը ծուռ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը Խորհրդային միության ԶՈւ լեյտենանտի կոչում ունի ‘