‘Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու. Վ.Այվազյան’

1371

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: Նա նշեց, որ ինքը ռեստորան չի կառուցում, պարզապես ծնունդով Վրաստանից է, այնտեղ բազմաթիվ կապեր ունի և օգնում է իր ընկերոջը ռեստորանի կառուցման հարցում: Պատգամավորը վստահեցրեց, որ կառուցվող ռեստորանում ինքը որևէ մասնաբաժին չունի:

Անդրադառնալով Նյու Յորքի դաշնային դատարանի` իր դեմ  37,5 մլն դոլարի վճիռ կայացնելու մասին տարածված տեղեկություններին` նա նշեց, որ դա անհեթեթություն է, իրեն չէին կարող տուգանել, որովհետև ինքը ոչ պայմանագրի կողմ է, ոչ պայմանագրի առկա մասնակից: «Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու»,- նշեց նա` վստահեցնելով, որ իր կողմից որևէ կոռուպցիա, պահանջների չարաշահում չի եղել:

«Ոչ պայմանագրի կողմ եմ, ոչ էլ պայմանագրի քննարկմանը մասնակցություն, աջակցություն եմ ունեցել, արբիտրաժը քննարկում է զուտ պայմանագրային հարաբերություններ, մնացածի մեկնաբանությունը թողնում եմ ձեզ, դա մոտավորապես նույնն բանն է, որ Կամբոջայում տանեն դատեն»,- նշեց նա:

Վարդան Այվազյանը նաև հավելեց, որ իրեն տուգանելու մասին առաջինը տեղեկացել է լրատվամիջոցներից և չի հասկանում, թե դա ինչ է: Պատգամավորի խոսքով` իրեն չեն տուգանել, պարզապես վարույթ են սկսել պայմանագրային կողմերի միջև և նախատեսվում է վարչական տուգանք ներկայացնել: Նա կեսկատակ-կեսլուրջ էլ ասաց, թե հենց հիմա, հասնելով Երևան, կգնա և կվճարի այդ գումարը, կամ էլ եթե վճիռ են կայացրել, կարող են գալ և իրեն բռնել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին կոռուպցիոն գործունեության համար պարտավորեցրել է $37,5 միլիոն վճարել:

Լուսանկարը՝ «Առավոտ» օրաթերթի:

Նախորդ հոդվածը‘Կիրակնօրյա ֆելիետոն. Արտահերթ խորհրդակցություն Սերժ Սարգսյանի առանձնատանը’
Հաջորդ հոդվածը‘«Մարդը եւ տիեզերքը». Գիտաժողով ԼՂՀ-ում ‘