‘Ինչ է առաջարկել ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի’

1009

Նոյեմբերի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ութերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

«Հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել հանձնաժողովի անդամ Գ. Դանիելյանը: Հանձնաժողովի անդամները քննարկել են վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013 թ-ի նոյեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը։

Ինչպես այսօր գրում է «ՀԺ»-ն, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին իր առաջարկներն է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Թերթը գրում է. «Աժ ՀՀԿ խմբակցությունը առաջարկներ է ուղարկել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին (ԱՓՀ)։ Այս մասին երեկ «Հժ»–ին հայտնեցին հանձնաժողովի քարտուղարությունից։ Ըստ տեղեկատվության, ՀՀԿ խմբակցության առաջարկը վերաբերում է տեղական ինքնակառավարման զարգացման սահմանադրական երաշխիքներին։ Առաջարկվել է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ «Աժ տվյալ համայնքում ընդգրկված բնակավայրերի հիման վրա սահմանվում է համայնքների վարչական շրջանների ցանկը և սահմանները»։ Այս պահին Սահմանադրության 82 հոդվածն այսպիսին է. «Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը»։ ՀՀԿ-֊ն առաջարկել է նաև Սահմանադրության 104.1-րդ հոդվածի մասը լրացնել նոր նախադասությամբ. «Համայնքներում առավել արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում երաշխավորելու համար օրենքով սահմանվում են համայնքների վարչական շրջանները»։ Գործող Սահմանադրությամբ այդ հոդվածն այսպիսին է. «Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է։ Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ»։

«Հժ»–ն մոտ 3 ամիս առաջ, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրել էր, որ Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում են վարչատարածքային նոր բաժանումներ և մարզերում ՏԻՄ այլ կառուցվածք ու ղեկավարման ձև։ «Ըստ նախնական տեղեկությունների, իշխանությունը ծրագրում է մարզերում ևս կիրառել ընտրության այն մոդելը, որը գործում է Երևանում, այսինքն, քաղաքացիներն ընտրում են ավագանի, ավագանին էլ՝ իր անդամների միջից ընտրում է քաղաքապետ, ընդ որում, այդ ավագանին, կրկին ըստ նախնական սցենարի, ավելի մեծ է լինելու, քան Երևանում, այն ձևավորվելու է ոչ միայն մարզի տվյալ քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիներից, այլ նաև գյուղերի բնակիչներից, իսկ գյուղապետի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, նշանակովի կդառնա, այնպես, ինչպես Երևանում թաղապետի պաշտոնը դարձավ»,– գրել էինք սեպտեմբերին։ Այդ փոփոխություններն իշխանությանը պետք են 2017 և 2018 թվականների ընտրությունների համար։

ՍՓՀ քարտուղարությունից երեկ թերթին նաև հայտնել են նաև, որ հոկտեմբերի 8-ից առ այսօր հանձնաժողովի կողմից ստացվել է 5 գրավոր դիմում, որոնցից 3-ը պարունակել են առաջարկություններ։ Դրանցից մեկը ՀՀԿ– ինն է, մյուսը՝ քաղաքացի Անդրանիկ Բաբախանյանինը, ում առաջարկը վերաբերում է ՀՀ Սահմանադրության պաշտոնական թարգմանության հարցի կարգավորմանը; իսկկ «Մեր տուն Հայաստան» ՀԿ-ի առաջարկը վերաբերել է «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների» Եվրոպական խարտիայի և «Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթներին համապատասխան փոփոխություններ կատարելուն։ Մինչև հոկտեմբերի 8-ն էլ ՍՓՀ-ին առաջարկներ էր ուղարկել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանը։ Նրա հիմնական առաջարկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես բնակվելու շեմը իջեցնելուն»:

Նախորդ հոդվածը‘Միջազգային «վեցնյակը» ժամանել է Ժնեւ` մասնակցելու Իրանի հետ բանակցություններ հերթական փուլին’
Հաջորդ հոդվածը‘Քննչական մարմինը Վոլոդյա Ավետիսյանի հետ որևիցե գործողություն չի կատարում’