‘Ինչ է բրազիլացի ցուցարարների ուզածը ‘

1342

Նկատեցի, որ ՖԲ-ում մի քանի հոգի բրազիլացի ցուցարարների հետ համերաշխության կոչեր են անում, աշխարհի առաջնություն են «բոյկոտում»-բան… Շատ լավ, ես էլ եմ ըմբոստ տրամադրությունների կրող, բայց մի հատ հասկանանք` ինչի մասին է խոսքը: Էս կարգի բողոքի ցույցեր միշտ են եղել (ՖԻՖԱ-ի միջոցառումներ, մեծ ութնյակ, ՆԱՏՕ… բողոքի ցույցերը նման միջոցառումների անբաժան մասն են): Արտառոցն էն է, որ այս դեպքում ցուցարարները պայքարում են էն բանի դեմ, ինչը պահանջում են: Էս առաջնությունը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկն է. ծախսվել է մոտ 48 մլրդ եվրո: Գումարից մոտ 2.5 մլրդ եվրոն ծախսվել է նոր ստադիոններ կառուցելու և եղածները վերանորոգելու վրա: Մնացյալը ծախսվել է ենթակառուցվածքների կառուցման/բարելավման վրա (ճանապարհներ, մետրո, ջրային ցանց, հյուրանոցներ, օդանավակայանների արդիականացում և այլն):

Սրա դեմ բողոքներ չեն լսվում ոնց որ թե, այլ ասում են՝ մեզ ստադիոն պետք չի, մեզ կրթություն ու առողջապահություն է պետք: Շատ լավ: Բայց հիմա թվերին նայենք: Ակնկալվում է, որ Բրազիլիան էս առաջնությունից պետք է ստանա մոտ 60 մլրդ եվրո, այսինքն՝ մաքուր շահույթը կազմելու է 10 մլրդ եվրոյից ավել, այսինքն՝ ոչ միայն հետ է բերելու ծախսված ողջ գումարը (ներառյալ ենթակառուցվածքներինը), այլև՝ ապահովելու է ստադիոնների վրա ծախսված գումարի քառապատիկի չափ շահույթ (իզուր չեն երկրները գլուխ ջարդում էս կարգի միջոցառումների կազմակերպման համար): 12 տարի ցուցարարները ոչինչ չեն արել: Հիմա, երբ ողջ գումարը ծախսված է, ամեն բան կառուցված, նույնիսկ առաջնությունն էլ մեկնարկել է, հանկարծ հիշել են, որ ստադիոն չեն ուզում: Անիմաստ է, չէ՞ («այնքան էլ չէ» — էս մասին՝ քիչ հետո): Տուրիստներին էլ ասում են՝ մի եկեք: Բայց եթե փող ես ուզում, պիտի հաշտվես կատարված փաստի հետ. գումարը ծախսվել է, ու դու պիտի արդեն ալամ աշխարհին քո երկիր հրավիրես, որ էդ գումարի բազմապատիկը ստանաս: Իսկ էդ ստադիոնների վրա ծախսված փողն իրականում էնքան փոքր գումար է (2.5 մլրդ եվրոն Բրազիլիայի ՀՆԱ-ի 0.1%-ից էլ քիչ է — ՀՆԱ-ն մոտ 2.55 տրիլիոն եվրո է), էն էլ ընդամենը մի ամսից բազմակի հետ է գալու: Ինչի՞ մասին է խոսքը:

Կրթությանն ու առողջապահությանը հատկացված գումարը վերջին տարիներին մոտ 300 մլրդ եվրո է եղել: Էդ 2.5 միլիա՞րդն է, որ պիտի բան փոխեր 200 մլն-ից ավել բնակչություն ունեցող երկրի առողջապահության ու կրթության ոլորտներում: Ասում են՝ կոռուպցիան շատ է: Էստեղ առարկող չկա: Պիտի հետաքննել, մեղավորներին պատժել: Սա` ուրիշ բան: Բայց հիմա, այս պահին, եթե ուզում ես երկիրդ փող մտնի, թեկուզ դրա 10-20-30%-ն էլ գողացվում է, դու չես կարող դրան հակառակ գործել: Ի վերջո, եթե քո ուզածով լինի (ենթադրենք), ու առաջնությունը չեղյալ համարվի, դու մնում ես կատարված փաստի հետ. ծախսված գումար, որի հետբերումից հրաժարվում ես: Ցույցերն իրենց արդյունքն արդեն տվել են. վերջին տասնամյակում աշխարհում ամենաարագ աճող տնտեսության աճի տեմպը նախորդ տարի մեկնարկած ու որոշակի ընդմիջումներով շարունակվող ցույցերից հետո ընկել է մոտ 4 անգամ: Էս տարի սպասվում է ընդամենը 1.8% տնտեսական աճ:

Հիմա մոտիվների մասին: Էս ամենի մեջ շատ մեծ «մեղք» ունի Բրազիլիայի սահմանադրությունը: Հոկտեմբերի 5-ին Բրազիլիայում նախագահի հերթական ընտրությունն է նշանակված: Ընդդիմությունն ամեն առիթ փորձում է օգտագործել՝ գործող նախագահի վերընտրությունը կանխելու համար: Որոշակի հաջողության հասել են. Դիլմայի վարկանիշը վերջին ամիսներին ահագին նվազել է (կապված իրավապահների կոշտ հակազդեցության հետ)՝ հասնելով մոտ 40%-ի, բայց դեռևս հաղթողի ամենահավանական թեկնածուն է. մոտակա մրցակցի վարկանիշը մոտ 20% է:

Ռաֆայել Թեյմուրազյան

Բրազիլիա 

Նախորդ հոդվածը‘Կոլումբիա-Հունաստան. Հավաքականների մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘Անգլիա-Իտալիա. Աշխարհի առաջնության 7-րդ խաղը’