‘Ինչ է տեղի ունեցել Սյունիքում. «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրությունը և սահմանապահների արձագանքը’

1621

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 25-ի երեկոյան Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին ռուսաստանցի սահմանապահները կանգնեցրել էին «Ժառանգություն» կուսակցության երկու մեքենաները և արգելել քարոզչության մեկնած թիմին ազատ տեղաշարժվել: Նրանք խուզարկել են պատգամավորին ուղեկցող մեքենան, կոտրել են տեսախցիկը: Սահմանապահները գործողության սկզբում որեւէ պատճառաբանություն չեն ներկայացրել, սակայն հետո, երբ պատգամավորը պնդել է, ասել են, թե հետախուզվող անձի են որոնում: Պատգամավորը Մեղրի էր մեկնել Սյունիքի 38 ընտրատարածքի` իրենց թեկնածուի քարոզարշավին մասնակցելու համար:

Aravot.am-ին հաջողվել է ձայնագրել է Փոստանջյանի և սահմանապահների զրույցից մի հատված, որի ընթացքում սահմանապահը բացատրում է Զարուհի Փոստանջյանին, որ իրենք ընդամենը իրենց ծառայությունն են իրականացնում: Պատգամավորն էլ բացատրում է, որ ինքն էլ իր ծառայություններն է իրականացնում, եւ որ անմիջապես բացեն ճանապարհը, իսկ կոտրած տեսախցիկի և իր իրավունքների խախտման հարցով կզբաղվի դրանից հետո:

Զարուհի Փոստանջյանը պահանջում է հրավիրել իրավապահ մարմինների, որոնք կզբաղվեն այն հանցագործով, որը կոտրել է իրենց տեսախցիկը. «Ոչ ոք իրավունք չունի հարձակվել մեզ վրա եւ կոտրել մեր տեսախցիկը: Նա ասաց, որ կսպասի այնքան, մինչեւ իրավապահ մարմինները գան եւ արձանագրեն փաստը: Ռուսաստանցի սահմանապահը բացատրում է, որ իրենց համար դա սահման է, Զարուհի Փոստանջյանը հակադարձում է՝ «Մեզ համար դա սահման չէ, մեզ համար դա ճանապարհ է, որով երթեւեկելու համար հատուկ թույլտվություն պետք չէ»:

Այսօր այս կապակցությամբ «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզարշավը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում» վերտառությամբ հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ:

Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որեւէ հիմնավորման: Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը, մինչեւ որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, եւ բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ:

Սակայն երեկոյան՝ ետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման եւ խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ: Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը եւ կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոեւ, Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով եւ առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

Մենք դիտարկում ենք այս միջադեպը որպես կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության եւ անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի թողտվությամբ, եթե ոչ անմիջական մեղսակցությամբ: Այն եւս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած եւ իշխանությունը բռնազավթած խմբակի անկարողությունը ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քիչ առաջ հայտնի է դարձել նաև, որ ռուսաստանցի սահմանապահները խոստացել են փոխհատուցել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատճառած բարոյական և նյութական վնասը: Այս մասին հաղորդում է  «Արմենպրեսը»: Ըստ գործակալության,  Փոստանջյանը արդեն հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին: «Ես դատական կարգով փոխհատուցում եմ պահանջելու: Իսկ քննությունը, վստահաբար, դեպքի հետ կապված մանրամասներ կպարզաբանի»,-ասել է Զարուհի Փոստանջյանը գործակալության հետ զրույցում:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Խորը եւ համապարփակ մաքսային կրքեր ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկական առաջին գունավոր լուսանկարը’