‘Ինչ որ կանցլերի լեզվին է…’

1284

Գերմանիայում հրապարակվել է գաղտնի հարցազրույց Հելմուտ Քոլի հետ, և հիմա նրա անունը, ինչպես և 1982-1998 թթ. կանցլերի պաշտոնն զբաղեցնելու շրջանում, գերմանական մամուլի էջերից չի իջնում: 84-ամյա քաղաքական գործչի հանդեպ հետաքրքրությունը  շարժած գիրքը՝ «Կտակ. Քոլի արձանագրությունները», հեղինակել է լրագրող Հերիբերտ Շվանը, որը նախկին կանցլերի հետ զրուցել է 2000-ականների սկզբին՝ կանցլերի պաշտոնից նրա հեռանալուց երեք տարի անց: Քոլն ինքը մի քանի անգամ դատվել է գրքի հեղինակի հետ, բայց այդպես էլ չի կարողացել կանխել դրա հրապարակումը:

Լրագրողի հետ զրույցներն ընդհանուր առմամբ տևել են 630 ժամ: Ինչպես գրում է Der Spiegel-ը, Քոլն արտահայտվելիս չի կաշկանդվել, քանի որ, ըստ պայմանավորվածության, հուշերը պետք է հրապարակվեին իր մահից հետո:

Թերևս, հարցազրույց տալիս Քոլի մտքով անգամ չէր անցնում, որ երբևէ Անգելա Մերկելը նույնպես զբաղեցնելու է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Նա քննադատում է կառավարության եվրոպական քաղաքականությունը՝ ընդգծելով, թե «Մերկելն առհասարակ ոչինչ չի հասկանում»: Գերմանական կառավարության նախկին ղեկավարը, մասնավորապես, մեծ սխալ է համարում Հունաստանի ներգրավումը եվրագոտի՝ հավաստիացնելով, որ եթե ինքը լիներ կանցլերը, նման բան թույլ չէր տա: «Այդ քաղաքական սխալ հաշվարկը շատ թանկ է նստում մեզ վրա: Բայց այլ ելք չկա, եթե չենք ուզում ,որ Եվրոպան մասերի բաժանվի»,- ասել է Գերմանիան միավորող կանցլերը:

Քոլը պատմում է, որ Անգելան չգիտեր էտիկետի կանոնները: «Նա չէր կարող ճիշտ բռնել պատառաքաղն ու դանակը ու չգիտեր, թե ինչ պետք է անել պետական ճաշկերույթների ժամանակ: Ես ստիպված էի անընդհատ վերահսկել նրան»:

Քոլը չի խնայել նաև ԳԴՀ նախկին նախագահ Քրիստիան Վուլֆին՝ նրան բնութագրելով որպես «անուղղելի ստախոս», որն իրենից «զրո արժեք է ներկայացնում»: Գերմանիայի կառավարության նախկին ղեկավար Գերհարդ Շրյոդերի մասին նա ասել է. «Հարյուր տարի հետո էլ նրանից բան դուրս չի գա: Նա ընկերություն անելու  ընդունակ չէ, ձկան պես սառն է: Միակ բանը, որ հետաքրքրում է Շրյոդերին՝ շատ փողն է»:

Միախայիլ Գորբաչովին, որի հետ Քոլը կարծես թե բարեկամական հարաբերություններ ունի, նա մեղադրում է թուլության և Արևելյան Գերմանիան պահպանել չկարողանալու մեջ: Իսկ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մասին համակրանքով է արտահայտվում: Հիշելով այն մասին, թե ինչպես են իրենց ձկնկիթ ու օղի մատուցել սիբիրյան մի լճի մոտ՝ Քոլն ասել է. «Հարբած Ելցինը շատ սթափ մարդկանցից ավելի լավն էր»:

Ամերիկյան նախագահներից Քոլին դուր են եկել Ջորջ Բուշ-ավագը և Ռոնալդ Ռեյգանը: Բիլ Քլինթոնի հետ շփումը կանցլերի համար դժվար է եղել: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարտ Թեթչերի հետ ավելի վստահելի հարաբերություններ են հաստատվել: 1982 թ. Բոննում բանակցությունների ընթացքում նա Թեթչերին խոստովանել է, որ կուզենար թուրքերի կեսին Գերմանիայից ետ ուղարկել իրենց պատմական հայրենիք: «Մենք պորտուգալացիների, իտալացիների և նույնիսկ Հարավարևելյան Ասիայից եկածների հետ խնդիր չունենք, քանի որ նրանց համայնքները շատ լավ են ինտեգրվում: Իսկ թուրքերը բացարձակապես այլ մշակույթի ներկայացուցիչներ են», ասել է նա:

Քոլը լրագրողին նաև Թեթչերի հետ շփումների վերաբերյալ կենցաղային մանրամասներ է հաղորդել, օրինակ՝ ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը «քնում էր G7-ի նիստերին ու քիչ էր մնում՝ ընկներ աթոռից, բայց ամուր բռնած էր պահում պայուսակը»:

«Քոլը հումորով մարդ է,- ասել է գրքի համահեղիանակներից մեկը: Գերմանիայի նախկին կանցլերն ինքն իրեն այսպես է գնահատել. «Ես էլ թերություններ ունեմ, բայց ես ամենամեծ սրիկան չեմ եղել»:

«Լինելով գերմանացի՝ դու միշտ էլ կարող ես դժվար կացության մեջ հայտնվել՝ ընկնելով հրեական կազմակերպությունների անիվների տակ»,- սա նույնպես նրա ասույթներից է: Քոլի կարծիքով՝ իր տեղը պատմության մեջ՝ կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի կողքին է:

Ըստ lenta.ru-ի

Նախորդ հոդվածը‘Պիկե. «Ես լավ հարաբերությունների մեջ եմ հավաքականում բոլոր թիմակիցներիս հետ» ‘
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում ‘