Միլանի «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում կամային հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ՝ 2:1։
38-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի խորվաթ կիսապաշտպան Ստանկո Յուրիչը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 67-րդ րոպեին նրան փոխարինեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։
88-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
«Ինտերի» հաղթական գոլը 110-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։
Քառորդ եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Ատալանտա» — «Սպեցիա» դիմակայության հաղթողը։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ինտեր» — «Պարմա»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1), (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 88, Ֆրանչեսկո Աչերբի, 110 — Ստանկո Յուրիչ, 38