‘Ինտերպոլ. Կիբեռտեխնոլոգիաները փոխում են հանցագործությունները’

1867

Գիտատեխնիկական հեղափոխության նոր ալիքը աշխարհը կանգնեցնում է հանցավորության աննախադեպ մարտահրավերների առջև, հայտարարել է Ինտերպոլի նախագահ, ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Մեն Խունվեյը Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանի բացման իր ելույթում:

«Գիտատեխնիկական հեղափոխության նոր ալիքն արդեն վրա է հասել: Անօդաչու սարքերն արդեն լայնորեն կիրառվում են բոլոր ոլորտներում: 50 տարի անց ճանապարհներին ավտոմեքենաների կեսից ավելին անօդաչու կլինի: 20 տարի հետո քվանտային համակարգիչները, հնարավոր է, կկարողանան կոտրել ներկայումս գոյություն ունեցող բոլոր ծածկագրերը»,- հայտարարել է Մեն Խունվեյը:

Ինտերպոլի նախագահն ընդգծել է, որ այդ  ամենը կփոխի ոչ միայն մարդկանց կյանքը, քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակն աշխարհում, այլև հանցանք գործելու մոդելները:

«Բոլոր երկրները կանգնած են վերջին հարյուրամյակում աննախադեպ հանցավորության մարտահրավերի առջև: 2000-2016 թթ. աշխարհում կատարվել է 70 հազար ահաբեկչական գրոհ, իսկ միջազգային հանրությունը մինչ օրս չի գտել դրանց արդյունավետ արձագանքելու ձևը»,- հայտարարել է Ինտերպոլի նախագահը: Նա նաև հավելել է, որ ամեն տարի աշխարհում տեղի է ունենում 170 միլիոն կիբեռհանցագործություն, որոնցից բացահայտվում է ընդամենը «մեկ հազարերորդ մասը», իսկ այդ հանցագործությունների հասցրած տնտեսական վնասը ամեն տարի գերազանցում է 445 միլիարդ դոլարը:

Այսօր Պեկինում բացվել է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 29-ը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նախարարը «Հյուսիս-Հարավ»-ում մասնավորներին ներգրավելու հույս ունի’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ աշխատանքի նախարարությունը նշել է ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունները’