‘Իշխանական վախերի ալֆան եւ օմեգան. «Լեւո՜ն»’

2466

Եթե Հայաստանը ժողովրդավարական եւ, ամենակարեւորը՝ իրավական պետություն լիներ, ապա ոստիկանական, այսպես կոչված` զորավարժություններից հետո, որին հերթական անգամ ակնատես եղանք շաբաթ օրը, արդեն նոր ոստիկանապետ կունենայինք: Առնվազն: Եթե Հայաստանը իրավական պետություն լիներ, ապա եթե հաստատվեր նաեւ այդ զորավարժությունների հետ ավելի բարձր իշխանության կապը, ապա ԿԸՀ-ն այժմ արդեն արտահերթ ընտրությունների օրը նշանակելիս կլիներ:

Որեւէ մեկի մտքով չի էլ անցնի պատկերացնել, որ, օրինակ, Գերմանիայի ոստիկանները կարող էին  անցած խորհրդարանական ընտրություններից առաջ «բիրդան» զորավարություններ անցկացնել եւ մի մասին ցուցարարի շորեր հագցնելով՝ գոռալ տալ, ասենք՝ «Շտայն-մա-յե՜ր, Շտայն-մա-յե՜ր, Շտայն-մա-յե՜ր»: Նման զորավարժություններից հետո կամ Մերկելը պիտի պաշտոնանկ աներ ոստիկանապետին, կամ ինքը հրաժարական տար: Սա՝ այսպես:

Իսկ ընդհանրապես, իրավական պետություններում նման դեպքերում (այսինքն՝ երբ ոստիկանական ուժերը զորավարժություններ են անցկացնում) եթե անգամ պայմանական ներքաղաքական բունտի տեսարան են բեմադրում, ապա բոլոր կոչերն ու վանկարկումները համապատասխանաբար լինում են պայմանական: Իսկ սովարաբար բեմադրվում են իրական թշնամիների, ասենք՝ ահաբեկիչների հետ օպերացիաների տեսարաններ:

Հայաստանում, սակայն, քանի որ ամեն ինչ գլխիվայր է շուռ տված, իսկ «խիյարներն էլ թարս են բուսնում», իշխանությունն ուզուրպացրածները իրենց ես-ն այնքան են նույնականացրել պետության հետ, որ իրենց կարճ խելքով արդեն կարծում են, թե իրենց հակառակորդները պետության հակառակորդներն են հենց: Դե, պետությունն իրենք են էլի, վիձիծե լի: Հենց այդ պատճառով էլ զորավարժությունների ժամանակ պայմանական անկարգություններ  անողները ոչ թե գոռում են «վառենք նախագահականը, ցխենք խորհրդարանը», այլ՝ «Լեւո՜ն»:  

(Տնաշեններ, նույնիսկ այն ժամանակ, երբ պետության «հիմնադիրն» ու «անկախության սիՆվոլը» հացադուլ է անում նախագահականի դիմաց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, էլի Պարույր գոռացող չկա):

«Լեւոն» են գոռացնում, որովհետեւ սրանք ինչ էլ ասեն, ինչ ճռճռան ելույթներ էլ ունենան, ինչքան օրենք ու օրենսգիրք էլ բարեփոխեն, չեն կարող եւ չեն բարեփոխվի երբեք: Ինչպես որ ի սկզբանե Լեւոնին ու միայն Լեւոնին էին համարում իրենց միակ խոչընդոտը՝ երկիրը վերջնականապես ավերելու հարցում, նույն կերպ էլ շարունակում են համարել:

«Լեւոն» են գոռացնում, որովհետեւ միայն Լեւոնից են հենց վտանգ տեսնում, Լեւոնն է, որ իրենց քուն ու դադար չի տալիս, Լեւոնին են տեսնում իրենց ամենասարսափելի երազներում, Լեւոնն է իրենց բոլոր քաղաքական վախերի ալֆան եւ օմեգան:

Ու քանի որ հենց այդպես է, իրենց գրպանում գտնվող անձնական օգտագործման ոստիկանապետերին, ԱԱԾ եւ մյուս պետերին ստիպում են կինո-կինո բեմադրել (սովորական շարքային ոստիկաններին էլ ձեռի հետ լկտիաբար օգտագործելով)՝ իրենց վախերը գոնե բեմադրված տարբերակով փարատելու ու մեկ-երկու մարդու աչքը գոնե  վախեցնելու անպտուղ հույսով:

Բայց, մյուս կողմից էլ՝ չնայած սրանց մոտ նույնիսկ ոստիկանական զորավարժությունները ժողթատրոնի մակարդակից այն կողմ չեն անցնում, ենթագիտակցորեն սրանք ինչ-որ բաներ ճիշտ են կանխազգում: Էլ ինչպե՞ս բացատրել այն, որ, մի կողմից՝ առավոտից-գիշեր իրենց անձնական հեռուստաալիքներով «Լեւոնն այլեւս գործոն չէ», «Լեւոնը քաղաքականությունից գնացել է» են քարոզում, մյուս կողմից՝ զորավարժություններ են անցկացնում ու շարքային ոստիկաններին հենց միայն «Լեւոն» են գոռալ տալիս: Է՛ եթե գործոն չէ, խեղճ շարքայիններին էլ ինչի՞ եք զուր տեղը «Լեւոն» գոռալ տալիս, թողեք թող Պարույր կամ գոնե Արթուր գոռան:

Բայց դե՝ լավ էլ ճիշտ կանխազգում են վախեցածները: Իրենք էլ գիտեն, որ իրենց հաշիվները շուտով մաքրելու են: Ովքե՞ր են մաքրելու: Փորձեք կռահել երկու անգամից:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը որոշել է ապրել տեղաբնիկների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչները սպառնում են փակել Բաղրամյան փողոցը’