‘Իշխանության կապիտուլյացիան’

1424

Ինչպես երեւում է, արձակուրդում գտնվելը Սերժ Սարգսյանին չի խանգարում ոչ միայն հրամանագրեր ստորագրել, այլ նաեւ`մշտապես իր ստվերն զգացնել իշխանական քարոզչամեքենայի վրա: Քարոզչամեքենան չի հանգստանում, քարոզչամեքենային հրահանգված է հանկարծ կանգ չառնել, որովհետեւ ողջ իշխանական դաշտում, ռազմական տերմինաբանությամբ ասած՝ «համար 1» են հայտարարել: Հենց այդ է պատճառը, որ չնայած Սերժ Սարգսյանի բացակայությանը` շարունակում ենք նորանոր չափաբաժիններով նոր տեղեկատվական խայծեր ստանալ` ընդդիմության միասնական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, հետո թե` միասնական թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, հետո էլ թե՝ ԲՀԿ-ն որոշումը կկայացնի Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, հետո էլ թե` ինչի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասում` առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Եւ այս ամենը՝ չնայած հանրապետականների այն հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանը հաղթող թեկնածու է եւ այլընտրանք չունի:

 

Սերժ Սարգսյանի մարտավարությունը

Չնայած այն բանին, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ինչ-որ առանձին մարդկանց պոկել ընդդիմությունից եւ նրանց տեղափոխել իր մարտավարության եւ ռազմավարության դաշտը, այդուհանդերձ, Սերժ Սարգսանն առայսօր այդպես էլ չի կարողացել առնել այն քաղաքական զարգացման, գործընթացի դեմը, որը սկսեց թափ հավաքել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ: Սերժ Սարգսյանը 2008-ից այս կողմ ջանացել եւ մշտապես աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի եթե ոչ դե ֆակտո, ապա գոնե տպավորությունների մակարդակում այնպիսի իրավիճակ ստեղծվի, թե իբր ինքը «լուծել է» ընդդիմության հարցերը, թուլացրել է նրան, եւ այժմ ինքն է իրավիճակի թելադրողը: Սակայն արդյո՞ք դա Սարգսյանին հաջողվել է, գոնե` տպավորությունների մակարդակում: Անկասկած՝ ոչ: Եւ դա, առաջին հերթին, ընդդիմության ճշգրիտ ռազմավարության եւ, հակառակը` Սերժ Սարգսյանի սխալ ռազմավարության արդյունքում: Եւ Սարգսյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա խաղաց կարճաժամկետ արդյունքների վրա: Ընդդիմությունն էլ, ի հակառակ, գնաց երկարաժամկետ քայլերի:

Սերժ Սարգսյանի հիմնական սխալն այն էր, որ նա արեց պահի ազդեցության քայլեր, որոնց էֆեկտը կարելի է համեմատել բացառապես հրավառության հետ: Մեկ պայթյուն, մարդկանց ուշադրության շեղում, ինչը, սակայն, քիչ ժամանակ անց այլեւս գոյություն չուներ: 2008 թվականից այս կողմ Սարգսյանը հենց այդպիսի փոքրիկ հրավառությունների մարտավարություն էր կիրառում: Պոկեց ընդդիմադիր գործչին ընդդիմությունից, մի կարճ ժամանակ նախկին ընդդիմադիրը քննադատեց ընդդիմությանը, հետո անցավ մոռացության գիրկը: Մինչդեռ ակնհայտ է, որ նման փոքրիկ հնարքներն ի վիճակի են ազդեցություն գործել այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվում ավելի հզոր, ազդեցիկ իրադարձություն: Նույն հնարքները Սարգսյանը կիրառեց նաեւ քարոզչության միջոցով: Ընտրեցին թիրախը, ընտրվեց օրվա թեման: Գրեցին մի քանի բան այդ մասին: Ազդեցությունը գործեց այնքան ժամանակ, քանի դեռ դա ֆիզիկապես հնարավոր էր, այսինքն՝ չկատարվեցին հակառակն ապացուցող իրադարձություններ: Մեկ քայլի հաղթանակները, սակայն, եթե անգամ փոքրիկ մարտում կարող են առավելություն ապահովել, դեռ չեն նշանակում, թե պատերազմի արդյունքը կանխորոշված է:

 

Ընդդիմության մարտավարությունը

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ ընդդիմությունը զերծ մնաց մեկ քայլանի գործողություններից, կարեւորությունը տալով քաղաքական գործընթացներին, հաշվարկելով մի քանի քայլով ձեռք բերվելիք առավելությունները: Երբ ընդդիմությունը կատարում էր որեւէ քայլ, Սարգսյանը պատասխանում էր: Բայց կարեւորն այն էր, որ ինչ քայլեր էլ որ Սարգսյանն անում է, այդ քայլն արդեն իսկ հաշվարկված է լինում` ի թիվս բազմաթիվ այլ տարբերակների:

Թվում էր, թե իշխանությունը կարող է միավորներ շահել երկխոսությունից։ Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Երբ վերջին քաղբանտարկյալի ազատումից հետո Կոնգրեսը հայտարարեց երկխոսության իր օրակարգի ու պատրաստակամության մասին, իշխանությունը մոտ մեկ ամիս հապաղեց։ Նա երկխոսության սեղանին նստեց ըստ էության Կոնգրեսի ճնշման տակ։ Երկխոսության բուն ընթացքը ոչ մի լավ բան չէր խոստանում իշխանությանը եւ նա ստիպված եղավ «վերականգնել» այն փաստարկը, որի դեպքում երկխոսությունը կառկախվի ու կփակվի։ Դա նոր քաղբանտարկյալ ունենալն էր, մի հարց, որը իշխանությունը հաջողությամբ լուծեց։

Երբ կա քաղաքական գործընթացը՝ դա առաջ տանելու ձեւը։ Քիչ անց Առաջին նախագահը ներկայացրեց իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը: Իշխանությունները հայտնվեցին պատային իրավիճակում, որովհետեւ չէին նկատել, որ մինչ իրենք փորձում էին դիմացինից գոնե մեկ զինվոր փախցնել, իրենց «քթի տակից» դուրս է գալիս ֆերզը:

ԱԺ ընտրությունների ժամանակ եւ հատկապես հետո իշխանական քարոզչամեքենան անընդհատ շրջանառության մեջ էր պահում այն վարկածը, թե Կոնգրեսն ընդդիմության դիրքերը «նվիրեց» ԲՀԿ-ին, եւ այլն, եւ այսպես շարունակ: Այդ քարոզչությունը  փոքր-ինչ ազդեցություն ունեցավ հասարակության քիչ տեղեկացված ներկայացուցիչների վրա, մինչդեռ իշխանության ներսում սկսվեց իսկական իրարանցում եւ տագնապ: Սարգսյանը շոշափելիորեն հասկացավ, որ իշխանական մոնոլիտը խախտվել է: Ընդ որում, կարեւոր էր ոչ միայն այն, թե ինչ քայլեր կարող էր անել ԲՀԿ-ն` Սարգսյանի հետ կոալիցիա չկազմելով, այլեւ այն, որ իշխանության մոնոլիտության ու անսասանության մասին միֆը փլուզվեց: Եւ փլուզվեց խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արանքում: Այդ փլուզման հետեւանքով վերջնականապես պարզ դարձավ բոլորին, որ Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր է ուժերի այնպիսի դասավորություն, որը 100%-անոց հաղթանակ կապահովի ռեժիմի դեմ։

Իշխանությունները այս պայմաններում կարող են դիմադրել բացառապես քարոզչության միջոցով, ինչն ամեն օր մաշվում է ու անխուսափելիորեն կկորցնի իր ուժը նախագահական ընտրություններից առաջ: Հենց դրանով է պայմանավորված, որ ամեն օր, ամեն ժամ իշխանական քարոզչամեքենան լրատվական դաշտ է նետում միմյանց հակասող նորանոր խայծեր: Մեկ «պարզվում է», որ ընդդիմության միասնական թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, մեկ թե՝ Կարեն Կարապետյանը, մեկ թե` Վարդան Օսկանյանը, մեկ թե` Քոչարյանը, մեկ թե` չի լինելու միասնական թեկնածու, մեկ թե` առաջին նախագահը չի առաջադրվի, մեկ թե` ինչի՞ չի խոսում այն մասին, թե երբ է առաջադրվելու: Այսինքն, անգամ քարոզչական պատերազմում իշխանությունը միասնական գիծ չունի, գլուխը կորցրել է, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս ներիշխանական տագնապն ու վախերը: Իշխանություններն` ի դեմս Սերժ Սարգսյանի, այսօր մի բանից են վախենում. որքան էլ ինքը քարոզչական հնարքներով փորձել է ապացուցել, որ անսասան են իր դիրքերը, այսօր արդեն եկել է ընդդիմության ճշգրիտ ռազմավարության պտուղները քաղելու ժամանակը: 

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին ԱՄՆ մեկնելու փոխարեն կգնա Ադրբեջան ‘
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. «Մարտակոչ». Հայ վորբերուն առեվտուրը կը շարունակվի ‘