‘Իշխանությունը 12 կետերի շուրջ բանակցության է հրավիրում ընդդիմությանը. Կոնգրեսը չի մասնակցում’

1503

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցության է հրավիրել ոչ իշխանական խմբակցություններին՝ քննարկելու ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վերաբերյալ հարցեր:

Ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ թեեւ կառավարությունը անդրադարձել կամ իրականացրել է 12 կետերից մի քանիսը, բայց պատրաստ է քննարկումների:

«Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,- ասված է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում:

Այս պահին ԱԺ-ում մեկնարկել է հանդիպումը, որին, բացի ՀՀԿ-ի ու Կառավարության ներկայացուցիչներից, մասնակցում են ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշել է  չընդունել Գալուստ Սահակյանի հրավերը, որովհետեւ «անիմաստ են համարում» 12 կետերի շուրջ քննարկումները: 

Նախորդ հոդվածը‘Երևանում կբացվի ևս մեկ խոշոր առևտրի կենտրոն՝ «Ռիո» ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ’