‘
«Եվ այս պահին եկեք տեղափոխվենք մի պահ 2020 թվական: Հայաստան, Երևան, 2020 թվական: Պատկերացրեք, որ բոլոր փողոցները, տները, ազատ տարածքները սեփականաշնորհված են: Մնացել է միայն Հանրապետության հրապարակի մեջտեղի մասը»: Այսպես էր սկսվում «7,5» հումորային ներկայացման մանրապատումներից մեկը, որը ներկայացնում էր, թե ինչպես են երկու «թաղի տղաներ» վիճում այն հարցի շուրջ, թե ով պետք է ձեռք բերի «հրապարակի կլորը»:
Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: ՀՀ իշխանությունները լուրջ են ընդունել ներկայացման հումորը և արդեն 2013 թ. որոշել են ի կատար ածել «Հրապարակի կլորի» վաճառքը:
Մեզ հետ զրույցում «7,5» ներկայացման համահեղինակ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) նշեց, որ ներկայացման սցենարը գրելիս ընտրվել էր Երևանի մի այնպիսի հատված՝ Հրապարակի կենտրոնը, որի վաճառքը անհավանական էր թվում, և հենց այդ անհավանական թվացող սյուժեն և հումորային անհավանական երկխոսությունն էին սկետչն առավել «խնդալու» դարձնում:
Ի դեպ, մանրապատումի հերոսը (Հովհաննես Ազոյան), ներկայացնելով իր հնարավորությունները, գլուխ է գովում, թե «ես էն տղեն եմ, որ կարամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոն սարքեմ»: Մյուս հերոսը (Մկո) հակադարձում է՝ «Չե՛ս կարա»: Հայկ Մարությանի խոսքով՝ 2007-ին այն, որ Հայաստանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կդառնա, նույնքան անհավանական էր թվում, որքան այն, որ հրապարակը կձեւափոխեն:
Փաստորեն՝ իշխանությունները քանդում են բոլոր կարծրատիպերը եւ անհնարինը դարձնում են հնարավոր (հետևելով իշխանության այս տրամաբանությանը՝ ֆուտբոլի հավաքականը, ամենայն հավանականութամբ, աշխարհի չեմպիոն կդառնա 2014-ի Սոչիի ձմեռային օլիմպիադայի ժամանակ):
«7,5» ներկայացման սցենարիստները շատ ավելի լուրջ են վերաբերվել ՀՀ իշխանություններին, քան ողջ հասարակությունը, և հումորով «կանխատեսել» են, որ Երևանի ամբողջական վաճառքը կավարտվի 2020 թվականին: Բայց «առաջանցիկ զարգացման տեմպերի» սիրահար իշխանությունները գործընթացն առաջ են գցել մի ամբողջ յոթ ու կես տարով. Կենտրոնում դեռ մնացած ազատ տարածքների ու փողոցների հետ միասին վաճառքի է հանվել Հանրապետության հրապարակը՝ իր «կլորի» եւ Ազգային պատկերասրահի շենքի հետ միասին: Դե, իսկ մնացած շենքերը, այդ թվում՝ նաև ՀՀ ԱԳՆ շենքը, արդեն մի քանի ամիս է, ինչ վաճառված են:
Հովսեփ Կարապետյան
‘