‘Իշխանությունները որդեգրում են «էշ, մի սատկի՝ գարուն կգա» քաղաքականությունը’

839

Եթե ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունները որդեգրել էին քաղաքացիների աչքերին թոզ փչելու քաղաքականությունը, որի էությունն այն էր, որ ընտրությունների կամ ներքաղաքական լարված իրավիճակի ժամանակ անիրականանալի խոստումներ էին տալիս, օրինակ՝ 100 000 նոր աշխատատեղ ստեղծելու, տնտեսական աճի, Իրան-Հայաստան երկաթուղու, նոր ատոմակայանի մասին, ապա այժմ, կարծես, նոր հնարք է կիրառվում, որը կարելի է կոչել «ջիջիլ քցելու» կամ «էշ, մի սատկի՝ գարուն կգա» քաղաքականություն:

Վերջինս իրականացվում է հետևյալ կերպ. կոնկրետ չի բացահայտվում, թե ինչ նոր խոշորամասշտաբ, ազգափրկիչ և ազգանվեր ծրագրի մասին է խոսքը, այլ միայն ակնարկվում է, որ մի «մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար» ծրագիր է լինելու: Եվ քանի որ նման ֆանտաստիկ ծրագրերը մնում են թղթի վրա, ապա այս պարագայում ոչ մեկը չի էլ հիշելու, թե Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը ինչ խոստացան, բայց տպավորություն կստեղծվի, որ մարդիկ աշխատում են, որ երկիրը դուրս կբերեն ծանր վիճակից:

Ահա, այսօր Սերժ Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը, որի ընթացքում ասել է. «Այստեղ առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են և ուսումնական տարվա սկզբին, այսինքն` ամռան վերջին, մենք հանդես կգանք մի մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետև մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում և ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին»:

Ուսումնական տարին սարերի հետևում չէ, ու վստահ ենք, որ նոր, ծախսատար, մեծ, կարևոր ծրագիր կա՛մ ընդհանրապես չի լինելու, կա՛մ Սերժ Սարգսյանն իրավացի է, և լինելու է մի այնպիսի ծրագիր, որ «բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում», այսինքն՝ կրկին ատկատներ, օֆշորներ, կոռուպցիոն սխեմաներ և այլն:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Երևանում կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը ‘
Հաջորդ հոդվածը‘Գ. Սահակյանի որդին չի զիջում հորը. Հոսանքը 10 %-ով է թանկացել, պետծառայողների աշխատավարձերն էլ մոտ 100 %-ով բարձրացել է. Տեսանյութ’