‘Իշխանությունները չորս միլիոն դոլար կվճարեն կալանավայրում մոռացված ամերիկացուն’

805

ԱՄՆ իշխանությունները 4,1 միլիոն դոլար կվճարեն 25-ամյա ուսանողին, որին թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները փակել են բանտախցում ու մոռացել նրա գոյության մասին, հաղորդել է Associated Press-ը: 2012 թ. ապրիլին թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալները Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող Դենիել Չոնգին ձերբակալել էին նրա ծանոթներից մեկի տանը, որտեղ խուզարկության արդյունքում հայտնաբերվել էին «էքստազիի» 18 հազար հաբ և այլ թմրանյութեր: Չոնգը, որը, փաստաբանի խոսքերով,  ծանոթի մոտ եկել էր մարիխուանա ձեռք բերելու նպատակով, տանը գտնվող ևս ութ հոգու հետ տեղափոխվել էր ոստիկանության բաժին: Ստուգումներից հետո Չոնգին հայտնել էին, որ նրա դեմ գործ չի հարուցվի, ու շուտով ազատ կարձակեն: Ապա նրան տարել են նախնական կալանքի խուց, փակել ու մոռացել նրա մասին: Չոնգին հայտնաբերել ու ազատ են արձակել միայն հինգ օր անց: Այդ ողջ ժամանակը նա անցկացրել է անպատուհան բանտախցում, առանց հաց ու ջրի: Չոնգը 15 կգ քաշ է կորցրած եղել ու տեղափոխվել է հիվանդանոց՝ օրգանիզմի սաստիկ ջրազրկման ու հյուծման պատճառով: Ապաքինվելուց հետո նա դատարան է դիմել՝ կրած վնասը փոխհատուցելու պահանջով, որն ինքը գնահատել է 20 միլիոն դոլար: Իշխանություններին հաջողվել է հինգ անգամ կրճատել այդ գումարը: Միջադեպի հետ կապված՝ մինչ օրս ոչ մի պաշտոնատար անձ կարգապահական կամ այլ կարգի պատասխանատվության չի ենթարկվել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ծանր կտանեի՞ք, եթե հարցնեինք՝ ինչքանո՞վ ծախվեցիք’
Հաջորդ հոդվածը‘«Վճարում ենք 100 դրամ»-ը առաջարկում է Հանրային խորհրդին գալ Մաշտոցի պուրակ’