‘Իշխանությունների հերթական պարզունակ բլեֆը’

1224

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում ավտոբուս է արտադրվելու, կանխատեսեցինք, որ մինչև նախագահական ընտրություններ կհայտարարվի Հայաստանում նաև ավիակիրներ ու սուզանավեր արտադրելու մասին։

Կատակով արված այս «կանխատեսումը», գրեթե իրականացավ։ Երեկ հայտարարվեց, որ մեկնարկում է Իրան-Հայաստան երկաթուղու (այլ անվանումը՝ «Հայաստանի հարավային երկաթուղի») շինարարությունը։ Դե, սուզանավ չի, բայց գրեթե սուզանավ է։ Հիմա արդեն հետաքրքիր է, թե քանի տարի են ֆռռացնելու այս նոր բլեֆը։ Բայց ամեն ինչի մասին հերթով։ Ուրեմն, այսպես։ Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցի մի փոքր դահլիճում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մի համաձայնագիր է կնքել Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶէ» ընկերության տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու հետ, որը վերաբերվում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը։ ««Ռասիա ՖԶէ» ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը»,– ասված է այդ առթիվ նախարարության տարածած հաղորդագրությունում, որը վերնագրված է՝««Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը տրված է»։ Տպավորությունն այնպիսին է, որ վերջ` երկաթուղու շինարարությունը սկսված է: Բայց ուշադիր ենք կարդում հաղորդագրությունը և ի՞նչ տեսնենք։ ««Ռասիա ՖԶէ» ընկերությունը ստորագրել է պայմանագիր միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ։ Արդեն իսկ բազմամիլիոն արտարժութային ներդրումներ պահանջող իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին և պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Զգացի՞ք, թե ինչ գեղեցիկ ձևակերպում է` «իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքներ…»։ Այսինքն, սկսել են ուսումնասիրել, թե արդյո՞ք այս ծրագիրը իրագործելի է, և դեռ 18 ամիս ուսումնասիրելու են։ Իսկ գուցե ուսումնասիրեն ու պարզեն, որ Իրան-Հայաստան երկաթուղին «իրագործելի է»։ Աոաջին հայացքից հնարավոր է։ Բայց միայն առաջին հայացքից։ Այն, որ սա հերթական բլեֆն է, պարզ երևում է նրանից, որ իբր 3 միլիարդ դոլար գնահատված ծրագրի մեկնարկը տրվում է հյուրանոցներից մեկի մի փոքր սրահում։ Չհամոզե՞ց։ Շարունակենք։ Մտեք համացանց ու փնտրեք «Ռասիա ՖԶէ» անունով ընկերություն («Rasia FZE»)։ Այս անվան տակ կգտնեք հաստոցներ, սարքավորումներ, ոչ ընկերություն։ էլի՞ չհամոզեց։ Ուրեմն, կրկին մտեք համացանց և փնտրեք այդ ՖՁէ-ի տնօրենի՝ Ջոզեֆ Բարկովսկու անունը (Joseph Borkowski)։ Կգտնեք մի 10 տարեկանից մինչև 90 տարեկան բազմաթիվ մարդկանց, որոնցից և ոչ մեկը մեր բարեկամ Բարկովսկին չէ։  Համացանցում, նույնիսկ նրա նկարը չկա։ Եւ դա այն դեպքում, երբ նա «ներդրումային ընկերության տնօրեն է», և իրականացնելու 3 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ էլի չհամոզվեցի՞ք, որ սա բլեֆ է։ Ուրեմն, անցնենք միջազգային համեմատությունների։

Աշխարհում իրականացված խոշորագույն տրանսպորտային ծրագրերից մեկը Լա Մանշի տակով կառուցված թունելն է, որը միացրեց Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան և, որի արժեքը 16 միլիարդ դոլար էր։ Այդ ծրագրի մասին ամբողջ աշխարհը խոսում է արդեն մի քանի տասնամյակ։ Մեծ Բրիտանիայի մեկ տարվա պետական բյուջեն ավելի քան մեկ տրիլիոն դոլար է։ Այսինքն, այդ թունելի շինարարության արժեքը կազմում էր Մեծ Բրիտանիայի տարեկան բյուջեի 1.6 տոկոսը։ Իրան-Հայաստան երկաթգծի գինը՝ 3 միլիարդ դոլար է և գերազանցում է Հայաստանի տարեկան պետական բյուջեն։ Նշենք, որ դեռ ոչ ոք չի հաշվարկել, թե իրականում ինչ կարժենա այդ երկաթուղին։ 3 միլիարդը իրականում աչքաչափով է արված։ Դեռ, նույնիսկ վերջնականապես որոշված չէ, թե որտեղով է անցնելու այն…։ Մի խոսքով, երեկ տեղի ունեցած «ծրագրի մեկնարկը» պարզունակ բլեֆ է։ Եւ նույնիսկ, կարելի է նկարագրել, թե ինչպես է այն ծնվել։ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց , թե առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը։ Մեկ ամսից ընտրություններ են, ու եթե Սերժ Սարգսյանին հարցնեն, թե ին՞չ եղավ երկաթուղին, նա կասի, թե աշխատանքները սկսված են։ Հենց միայն այս նպատակով Դուբայում գրանցված մի բոլորովին անհայտ ընկերություն են գտնում, որի տնօրենը կհամաձայնվի մի քանի օր ոչ իր հաշվին ժամանակ անցկացնել Հայաստանում։ Այդ օրերի ընթացքում նա իր հետ բերած կնիքը պետք է մի անգամ թանաքոտի ու կնքի մի համաձայնագիր, պետք է դրա տակ ստորագրի, մի նախարարի հետ պետք է լուսանկարվի ու վերջ, ազատ է, ինչպես քամին։ Իսկ թե ինչ կլինի մի քանի տարի անց, իշխանություններին չի հետաքրքրում։ Օրինակ, հիմա ո՞վ է հիշում «Արմենիկում» անունով բլեֆի մասին, որը պետք է «սպիդ» բուժեր։ Կամ որ հիշում են՝ ի՞նչ։ Դրա մասին էլ էր չէ՞ Սերժ Սարգսյանը հայտարարել մի 15 տարի առաջ։

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարը խախտել է 200 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Ուգո Չավեսին տեղափոխել են ստորգետնյա բունկեր’