‘Իշխան Զաքարյանը հստակ չնշեց, թե որքան գումար է ծախսվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար’

734

Տվյալները հավաքագրված են, պիտի վերլուծենք, հասկանանք, շատ գումարներ չեն ծախսվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին, թե մինչև այժմ որքան գումար է ծախսվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար: «Այս տարվա ծրագրով շատ-շատ քիչ է, պիտի մշակենք ու հասկանանք: Չեմ կարծում՝ դա մեծ լինի, առաջիկայում համապատասխան հայտարարություն կանենք»,- ասաց Զաքարյանը:

Նա վստահեցրեց, որ այդ նախագծի համար գումարներ հատկացրած Ասիական զարգացման բանկի առաջ քաշած պահանջները մեկ առ մեկ կատարվել են, բայց ամեն դեպքում՝ Վերահսկիչ պալատն ու տրանսպորտի և կապի նախարարությունը խնդիրներ են հայտնաբերել ու այժմ էլ աշխատում են այդ խնդիրները շտկելու համար:  Լևոն Զուրաբյանը նշեց, որ բոլորն ուզում են այդ գողին գտնել, չաղ ու բախտավոր չինովնիկին գտնել, բայց ոչ ոք չի կարողանում գտնել ու չի իմանում՝ ինչ է պետք դրա համար անել, մինչդեռ այստեղ պետք է դնել քաղաքական պատասխանատվության հարց: Զուրաբյանը Զաքարյանից հետաքրքրվեց՝ տեղի ունեցողի համար պատասխանատվություն կրո՞ւմ է ծրագրի կառավարման խորհուրդը և նրա նախագահ Տիգրան Սարգսյանը: Զաքարյանը պատասխանեց.

«Մենք անընդհատ խոսում ենք խնդիրներից, խախտումներից, պիտի ասեմ, որ հիմա, երբ մենք համարձակ մտնում ենք այս դաշտը, երկուսուկես տարի անընդհատ կենսաթոշակների հետ կապված ինչ ասեք ասեցին և՛ էս դահլիճում, և՛ մամուլում, վերահսկիչ պալատի նախագահի ելույթը «շոուից» բռնած՝ ինչ ասես բնորոշեցին: Վերջում ի՞նչ եղավ: Եղավ այն, ինչ որ եղավ: Էդ ամբողջ համակարգը բացվեց, ձերբակալվեցին, հիմա գնում է դատավարություն, և ես վստահ ասում եմ, որ պետական բյուջեի ծախսային մասի 30 տոկոսը չի կարող էդ համակարգով գնալ առաջ»:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ տեսականորեն հանրավոր է՝ նոր տենդեր անցկացվի, և այս դեպքում արդեն իսկ ծախսված գումարը դառնում է քամուն տված փող: Զուրաբյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում կառավարման խորհուրդը և խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, որոնք անցկացրել են այդ տենդերը, և որի հետևանքով անարդյունավետ ծախսվել են պետական միջոցները, պատասխանատվություն կրո՞ւմ են դրա համար: Զաքարյանը պատասխանեց, որ Վերահսկիչ պալատն ու տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնաբերված խնդիրների մասին զեկուցել են վարչապետ Տիգրան Սարգսյանին, վերջինս էլ համապատասխան հանձնարարականներ է տվել: Զաքարյանն ասաց՝ եթե իրավիճակը շտկվի, աշխատանքները կշարունակվեն, եթե չշտկվի՝ չընկնելով որոշակի տույժ-տուգանքների տակ, տենդերը չեղյալ կհամարվի, և նոր մրցույթ կհայտարարվի: 

Նախորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը բացահայտում է, թե ինչ միջոցներով է կառուցել իր շքեղ դղյակը’
Հաջորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը հակասում է ինքն իրեն’