‘ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադին ո՞ղջ է’

2198

Պակիստանի լրատվական կայքը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուղերձը, որը սպանված էր համարվում Սիրիայում ջիհադիստների դեմ գործողություններից մեկի ընթացքում:

Թեպետ Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը հայտարարել էր, թե ալ-Բաղդադին, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել է այս տարի Ռաքքայի մերձակայքում ԻՊ-ի դիրքերին հասցված ավիահարվածի արդյունքում, Իրաքում  և Սիրիայում ԱՄՆ զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Սթիվեն Թաունսենդը օգոստոսի վերջին նշել էր, թե, իր կարծիքով՝ ալ-Բաղդադին դեռ ողջ է:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է,  այնուհանդերձ, որ առայժմ չի կարող հաստատել ԻՊ-ի պարագլխի ձայնագրության իսկությունը: Սակայն նշվում է, որ ձայնագրության մեջ  հղում է արվում ԿԺԴՀ-ի շուրջ լարվածության աճին և ԱՄՆ-ի և Ճապոնիայի հասցեին հյուսիսկորեական առաջնորդի սպառնալիքներին: Ձայնագրության մեջ հռետորը նաև հիշատակում է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն և քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հասցեին Թուրքիայի քննադատությունը:

ԻՊ-ի ահաբեկիչների առաջնորդն իր հետևորդներին կոչ է անում զենքը ցած չդնել և շարունակել մահ սփռել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աֆրիկյան մայրցամաքում:

ԱՄՆ-ն ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին տեղեկության համար 25 մլն դոլար պարգև է նշանակել:

Փոխանցել է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Մատիլդա. «Այս ֆիլմը պետք է դիտեն բոլորը»’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Գյումրի քաղաքում’