‘ԻՊ-ն հաշվեհարդար է տեսել Էլ-Կարյատեյնի ազգաբնակչության հետ’

1843

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները սպանել են Սիրիայի կենտրանական Հոմս նահանգի Էլ-Կարյատեյն քաղաքի 60 խաղաղ բնակչի, ևս առնվազն 100 հոգի համարվում է անհայտ կորած: Այդ մասին հաղորդել է նահանգի ղեկավարը:

Ռազմավարական կարևորություն ունեցող Էլ-Կարյատեյնը գտնվում է Հոմս նահանգի հարավ-արևելքում, Դամասկոս-Պալմիրա մայրուղուց ոչ հեռու: Սիրիական բանակը, ռուսաստանյան ՌՏՈՒ-ի օգնությամբ, այն իր վերահսկողությանն է վերադարձրել շաբաթ օրը, և այժմ սակրավորներն ականազերծում են քաղաքի փողոցները, շենքերն ու հրապարակները: Առնվազն 4 հազար մարդ շուտափույթ մարդասիրական օգնության կարիք ունի:

Քաղաքը լքելուց առաջ իսլամիստները հաշվեհարդար են տեսել բնակիչների հետ՝ սպանելով այն մարդկանց, որոնց կասկածել են հակառակորդի հետ համագործակցելու մեջ: Զոհերի թվում է սիրիական բանակի պաշտոնաթող գեներալ Ահմեդ Մոհամեդ Աբդելռահիմը՝ իր երկու եղբայրների հետ միասին:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Յունկերը մեղադրում է ԶԼՄ-ներին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը’