«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքում երկու պայթյունների պատասխանատվությունը։ Պայթյունները որոտացել են չորեքշաբթի օրը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ։
Ահաբեկիչներին համակրող Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ԻՊ երկու անդամներ ամբոխի մեջ գործի են դրել պայթուցիկով լիցքավորված գոտիները։
«Իսլամական պետությունը» իսլամի շիա ուղղությունը համարում է «աղանդավորական» և նախկինում հարձակումներ է գործել Իրանի սրբավայրերի և կրոնական կառույցների վրա։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պայթյունների համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին, մինչդեռ վերջիններս պնդում են, որ առնչություն չունեն դրանց հետ։
Իշխանությունները Թեհրանում զանգվածային ցույցի կոչ են արել ուրբաթ օրը, երբ տեղի ունենան զոհերի հուղարկավորությունները։ Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է Իրանի տարբեր քաղաքներում հավաքված մարդկանց, որոնք վանկարկում են՝ «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Ամերիկային»։