‘
Իջեւանում ընդդիմադիր հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Մինասյանը:
Նա ասաց, որ ընդդեմ իշխանությույնների միավորված կուսակցությունների թվում է նաեւ ՀԺԿ-ն:
«Նրանք միավորվել են, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, որ հաստատվի արդարություն, վերացվի անպատժելիության մթնոլորտը: Սակայն ի՞նչ ենք մենք այսօր տեսնում՝ ավելի քան 15 տարի ՀՀԿ-ի մենիշխանության շնորհիվ երկիրն ընկղմվել է համատարած ճգնաժամի մեջ», — ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը ժողովրդավարության բացակայությունն է:
«Այս խնդրի գլխավոր գործիքը արդար եւ ժողովրդավարական ընտրություններն են: Նման ընտրությունները եղել են, երբ ընտրվում էր Լեւոն Տեր-Պետրոսանը, եւ 1999-ի ԱԺ ընտրությունները: Այս ընտրություններն էին, որ ժողովուրդը չընդվզեց, բողոք չեղավ: Այդ ժամանակից ի վեր՝ ցանկացած ընտրություն կեղծվում է վերից վար: 2003-ին ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին՝ Տեր-Պետրոսյանը, բայց երկու դեպքերում ռեժիմը զոհերի գնով գրավեց իշխանությունը: Նույնը՝ 2013-ի ընտրություններին, երբ ժողովուրդն ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Բոլոր խոշոր քաղաքներում հաղթեց ընդդիմության թեկնածուն», — ասաց Մինասյանը՝ հավելելով, որ դա հետեւանք է անպատժելիության մթնոլորտի:
«Այս իշխանությունները դատապարտված են», — եզրափակեց ՀԺԿ փոխնախագահը:
‘