‘
Ռուսաստանցի մարզուհի Ելենա Իսինբաևան, որին մեղադրել են համասեռական-մարզիկների նկատմամբ խտրականություն դրսևորելու մեջ, պարզաբանել է, թե իր խոսքերը սխալ են հասկացվել:
Հինգշաբթի օրը նվաճելով աշխարհի առաջնություններում իր երրորդ մեդալը՝ լրագրողների հարցերին անգլերեն պատասխանելիս նա պաշտպանել էր անչափահասների շրջանում համասեռականության քարոզչությունն արգելող ռուսաստանյան օրենքը և նշել, որ մարզիկները ստիպված կլինեն հարգանքով վերաբերվել այդ օրենքին 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում: «Անգլերենն իմ մայրենի լեզուն չէ, ուստի երեկ ինձ պարզապես սխալ են հասկացել: Ես ընդամենն ուզում էի ասել, որ մարդիկ պարտավոր են հարգել ուրիշ երկրի օրենքները, մանավանդ՝ եթե հյուր են այդ երկրում: Ես ուզում եմ պարզաբանել, որ հարգում եմ մյուս մարզիկների հայացքները: Ես վճռականորեն հանդես եմ գալիս համասեռականների սեռական կողմնորոշման հանդեպ ցանկացած խտրականության դեմ, որը հակասում է Օլիմպիական խարտիային»,- պարզաբանել է Իսինբաևան, որը հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի դեպանը: Ի դեպ, Իսինբաևայի երեկվա հայտարարությունից հետո առաջարկ է եղել նրան զրկել ՄՕԿ-ի դեսպանի կոչումից: Բրիտանացի բազմամարտիկ Լուիզ Հեյզելը, մասնավորապես, ՄՕԿ-ին առաջարկել է քննարկել ռուսաստանցի մարզուհու արտահայտությունները, որ նա արել է Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է gazeta.ru-ն:
‘