‘«Իսլամական պետության» գրոհայինները տեսագրել են ևս մի ամերիկացի լրագրողի մահապատիժը’

813

Երեքշաբթի համացանցում հայտնվել է ամերիկացի մեկ այլ լրագրողի մահապատժի տեսագրությունը, հաղորդել է Associated Press-ը: Խոսքը 31-ամյա Սթիվեն Սոթլոֆի մասին է, որին Սիրիայում առևանգել էին 2013 թ.: Տեսաերիզը վերնագրված է «Երկրորդ ուղերձը Ամերիկային»: Մահապատժի ենթարկվող տղամարդը նարնջագույն շապիկով է՝ շատ նման նրան, որ մահապատժի ժամանակ հագել էր ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին:

Տեսագրության մեջ երևացող գրոհայինը հայտարարում է, թե Սոթլոֆի մահապատիժը պատասխանն է այն ավիահարվածներին, որոնք ԱՄՆ-ը շարունակում է հասցնել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին: Տեսագրության վերջում գրոհայինը սպառնում է, որ կսպանեն ևս մի գերու՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին:

Վաշինգտոնում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել հրապարակված տեսագրության իսկությունը:

Սթիվենի մայրը տեսաուղերձ էր հրապարակել, որում խնդրում էր գրոհայինների առաջնորդին՝ բաց թողնել որդուն, և ընդգծում էր, որ նա ոչնչում մեղավոր չէ և չի կարող որևէ կերպ ազդել Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության վրա:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Առնվազն հազար զինվորականներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ուկրաինայի արևելքում’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին «Պատ» նախագծի մեկնարկը’