‘
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ևս մի պատանդի տեսահոլովակ է տարածել:
Բրիտանացի լրագրող Ջոն Քանթլին գերի է ընկել երկու տարի առաջ Սիրիայում: Հերթական տեսահոլովակում նա հանդես է գալիս Արևմուտքի խիստ քննադատությամբ՝ Իրաքում հակամարտության կարգավորման առնչությամբ: Ավիահարվածները, նրա խոսքով, Արևմուտքի երկրներին չեն օգնի գրավել և պահել իրենց անհրաժեշտ օբյեկտներն ու շրջանները:
Մեկ շաբաթ առաջ մեկ այլ տեսագրության մեջ Քանթլին նշել էր, որ «հայրենիքն իրեն լքել է»: Իսկ դրանից էլ մեկ շաբաթ առաջ՝ ամենաառաջին տեսագրության մեջ, նա կոչ էր անում դադարեցնել պայքարն իսլամիստների դեմ:
Իրաքում և Սիրիայում գործող խմբավորման գրոհայիններն ավելի վաղ հրապարակել էին Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսի և ամերիկացիներ Ջեյմս Ֆոուլիի ու Սթիվեն Սոթլոֆի մահապատժի տեսագրությունները: Փոխանցում է echo.msk.ru-ն:
‘