‘
Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել իսլամիստական «Ջամահաթ-ի-Իսլամի-Բանգլադեշ» կուսակցության առաջնորդին՝1971 թ. Պակիստանից երկրի անկախացման համար մղվող պատերազմում մարդկության դեմ գործած հանցանքների համար: Աբդուլ Քադեր Մուլլան իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները հերքել է: Փետրվարին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման և բողոքարկել էր դատավճիռը: Գերագույն դատարանը նրա նկատմամբ մահապատիժ սահմանեց:
Իսլամիստների առաջնորդի դատավարությունը բողոքի ալիք է բարձրացրել նրա կողմնակիցների շրջանում: Վերջիններս իշխանություններին մեղադրում են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մեջ:
Հուլիսին Բանգլադեշի իսլամական «Ջամահաթ-ի-Իսլամի» կուսակցության նախկին առաջնորդը դատապարտվեց 90 տարվա ազատազրկման՝ երկրի անկախության համար մղվող պատերազմի ընթացքում զանգվածային սպանությունների և բռնաբարությունների մեղադրանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘