‘ Իսլամ Քարիմովին բողոքել են, որ Ռուսաստանում ուզբեկները պաշտպանված չեն’

654

«Եշլար» համառուսաստանյան շարժման առաջնորդ Մախսուդ Աբդուժաբարովն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին խնդրել է միջամտել Ռուսաստանում հանրապետության դեսպանատան աշխատանքին: Իր ուղերձում Աբդուժաբարովը հանդես է գալիս  աշխատանքի համար ՌԴ ժամանած համաքաղաքացիների անունից: Ըստ նրա՝ դիվանագիտական ծառայության աշխատակիցները հրաժարվում են պաշտպանել ուզբեկների «պատիվը, արժանապատվությունը և այլ իրավունքներ»: «Նոյեմբերի 4-ին տոների ժամանակ Պետերբուրգում սկինհեդները սպանեցին երկու ուզբեկի և 20 հոգու ծեծի ենթարկեցին:  Բիրյուլևոյում ադրբեջանցու կողմից ռուսի սպանությունից հետո բռնկված ժողովրդական ցասման արդյունքում սպանեցին ուզբեկի, և նրա մահն աննկատ անցավ բոլորի կողմից: Վլադիվոստոկում Ուզբեկստանի քաղաքացուհուն չթողեցին ծննդատուն մտնել, և նա ծննդաբերեց հիվանդանոցի աստիճանների վրա՝ շան պես… Ինչո՞ւ այս փաստերից ոչ մեկի դեպքում դեսպանը չի արտահայտել հստակ դիրքորոշում: Ինչո՞ւ չի պահանջում պատժել մեղավորներին: Ի՞նչ հարգանք պիտի ակնկալենք օտարներից, եթե իրենց սեփական պետության ներկայացուցչությունը այդպես ցուցադրաբար արհամարհում է նրանց», հարց է տալիս ուղերձի հեղինակը:

 Ուզբեկստանի 29 միլիոն բնակչությունից ութ միլիոնը արտագնա աշխատանքի է արտասահմանում: Ռուսաստանում ուզբեկ ներգաղթյալների թիվը հասնում է երկու միլիոնի, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկին ներկայացվել է «Ոսկե գրիչ» մրցանակի’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմադիր դաշինքը պայման է դնում՝«Ժնև-2»-ին մասնակցելու համար’