‘
Օրեր առաջ Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվեց եւ առգրավվեց շուրջ 1 տոննա հերոին: Անգամ գտնվեցին մարդիկ, որոնք գրազ եկան, թե իշխանությունները հրապարակա՞վ կոչնչացնեն այն, թե՞ ոչ: Սեւ շուկայում մեկ տոննա հերոինի արժեքը, ըստ որոշ տեղեկությունների, 200 մլն դոլար է: Կարելի է կռահել, որ սեփական ժողովրդին կեղեքող եւ վերջին լումաները հավաքող իշխանությունների համար անչափ դժվար կլինի այրել միլիոնները: Սա դեռ հարցի մի կողմն է, իհարկե, հետաքրքիր, բայց դեռ մի կողմը: Այս հարցը նաեւ այլ կողմեր ունի: Այսպես, հարց է առաջանում, թե ինչո՞ւ նարկոդիլերները որոշեցին շեղվել վստահելի ճանապարհից եւ ապրանքը տեղափոխել Հայաստանով: Չէ՞ որ անգամ մի գրամ թմրանյութը նրանք տեղ են հասցնում վաղուց փորձարկված արահետներով: Այստեղ եւս մի հարց է առաջանում` իսկ գուցե այս ճանապարհը ե՞ւս փորձարկված է:
Մի խոսքով՝ հարցեր եւ հարցեր: Եւ ինչպե՞ս չհարցնես, թե ինչպե՞ս եղավ, որ այս անգամ այս հսկայական թմրանյութը հայտնաբերվեց: Հնարավոր է, որ դրանք հայտնաբերեցին նրանք, ովքեր չպետք է հայտնաբերեին, ովքեր այդ պահին չպետք է այնտեղ լինեին: Հնարավոր է նաեւ, որ իրոք թմրավաճառներն առաջին անգամ էին փորձարկում Հայաստանի ճանապարհը, բայց այստեղ էլ հարց է առաջանում, թե նրանք այդքան ապո՞ւշ են, որ փորձարկումը մեկ տոննա քաշ ունեցող հերոինով իրականացնեն:
Իսկապես, հանելուկները շատ են: Ի դեպ, հարց է առաջանում նաեւ, թե ինչու պաշտոնանկ արվեց ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Իսկ գուցե հիմա այն ժամանակներն են, երբ լավ աշխատանքի համար պաշտոնա՞նկ են անում: Հարցեր եւ հարցեր, որոնք պատասխանի են սպասում:
Արթուր Բարսեղյան
‘