‘Իսկ «նախագահը» պեդիկյուր էր անում’

1710

Ինչ իմանար հայ զինվորը սահմանային լարվածության վերջին օրերին, որ այն պահին, երբ իրենք պատասխանում էին ադրբեջանցիների սադրանքներին եւ կրակոցներին, «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակված անձը պեդիկյուր էր անում, այն էլ Կորեայում, այն էլ՝ Հարավային Կորեայում, այն էլ՝ Գանգնամում:

Հիմա շատերն են հարցադրում անում, թե որտեղի՞ց Սերժին 186 հազար դոլար Կորեայում երիտասարդանալու համար, բայց կարծում ենք` շատ ավելի կարեւոր է մեկ այլ հարցադրում անելը. եթե իսկապես սահմանային իրավիճակն աննախադեպ լարված էր, ինչպես այդ մասին շեշտել է նաեւ Սեյրան Օհանյանը, ապա ինչո՞ւ Գանգնամից չշտապեց Հայաստան վերադառնալ «գերագույն գլխավոր հրամանատարը»: Իրոք որ անհարմար իրավիճակ է ստեղծվել:

Եթե հիմա փորձեն ապացուցել, որ իրավիճակն այնքան էլ լարված չի եղել, որ Սերժ Սարգսյանը վերադառնար, ապա այս դեպքում պետք է հրաժարական տա Սեյրան Օհանյանը՝ անհարկի խուճապ տարածելու համար: Եթե մինչ այս պահը Սեյրան Օհանյանը ներողություն չի խնդրել, ապա նշանակում է, որ իրոք լարվածություն եղել է, իսկ եթե եղել է, ապա այդ ի՞նչ աստիճան շտապ է եղել վիրահատությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ցողունների իմպլանտացիան, որ Սերժ Սարգսյանը չի կարողացել ընդհատել իր այցը եւ վերադառնալ հայրենիք: Եթե վիրահատությունը շատ շտապ չի եղել, եւ նա էլ չի վերադարձել, ապա կրկին նորանոր հարցեր են առաջանում:

Հիմա անդրադառնանք Սերժ Սարգսյանի վճարած գումարին՝ 186 հազար դոլար: Եթե այն պետական բյուջեից չի վճարվել, ապա պետք է շատ հստակ նշվի, թե ով է այն տրամադրել Սերժ Սարգսյանին: Մենք վստահ ենք, որ Սերժ Սարգսյանն այդ գումարն իր գրպանից չի վճարել (ինչքան էլ որ Արման Սաղաթելյանը պնդի, թե գումարը Սարգսյանի անձնական միջոցներից է վճարվել), քանի որ նա այնքան աշխատավարձ չի ստացել եւ չի ստանում, որ նման մեծ ծախսեր անի: Երկրի անվտանգության տեսանկյունից անչափ կարեւոր է հասկանալ, թե ով է եղել այդ բարերարը: Պետք է ընդունել, որ այս բարերարը հաստատ կհայտնվի արտոնյալ կարգավիճակում: Եթե նա գործարար է, ապա դրանից կտուժեն մյուս գործարարները, եթե նաեւ քաղաքական գործիչ է, ապա պետք է հասկանալ, թե որ ուժն է այն ներկայացնում, իսկ եթե պարզվի, որ բարերարն օտարերկրացի է, ապա՝  շատ ավելի վատ, եւ կարող ենք արձանագրել, որ մեր երկիրը խաղալիք է դառնալու մի օտարերկրյա քաղաքացու ձեռքին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Անհրաժեշտ է ստանալ այս բոլոր հարցերի պատասխանը, իսկ եթե չստանանք, ապա պետք է համապատասխան քայլեր անենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ եթե ոչ այն անենք, ոչ էլ՝ մյուսը, ապա այս պետությունը պետք է «փակել»: Իսկ հիմա փորձեք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե նման քայլ իրենց թույլ տային ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Էստոնիայի առաջին դեմքերը:

Արշակ Սարգսյան

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳ նախարարը հանձնարարել է իրավական գնահատական տալ սկանդալային տեսահոլովակի մասնակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը Շարլիզի ու Իզաբելի հացը կտրեց ‘