‘Իսպանական ոստիկանությունը բացահայտել է ԻՊ ջոկատներում կանանց հավաքագրող ցանց’

709

Իսպանիայում և Մարոկկոյում  ջիհադականների ընդհատակյա ցանցի դեմ անցկացված ոստիկանական շուրջկալների արդյունքում ձերբակալվել է յոթ մարդ, որոնք կանանց են հավաքագրել ԻՊ-ի ջոկատներում կռվելու համար: Չորս հոգի ձերբակալվել է Հյուսիսային Աֆրիկայում՝ իսպանական Մելիլյա և Սեուտա անկլավներում, մեկը՝ Բարսելոնայում: Ձերբակալվածներից չորսը կանայք են, մեկը՝ անչափահաս տղա: Իսպանիայի ՆԳ նախարարությունը նրանց բոլորին «Իսլամական պետության» համար կանանց հավաքագրելու ընդհատակյա ցանց ստեղծելու մեղադրանք է ներկայացրել:

Իսպանական անկլավները ջիհադականների համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում: Միջերկրական ծովի ափին գտնվող այդ քաղաքները միակ եվրոպական տարածքն են, որ ցամաքային սահման ունեն Աֆրիկայի հետ: Դա իսպանական այդ անկլավները վերածում է տարանցիկ կետի՝ նրանց համար, ովքեր ցանկանում են հայտնվել հակամարտությունների գոտիներում: Բարձր ցանկապատներով շրջապատված այդ տարածքներ են փորձում թափանցել նաև աֆրիկյան երկրներից Եվրոպա մեկնող բազմաթիվ անօրինական միգրանտներ:

Որոշ գնահատականներով՝ Սիրիայում և Իրաքում ջիհադիստներին են միացել Իսպանիայի առնվազն 100 քաղաքացիներ և մոտավորապես 2000 մարոկացիներ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պակիստանի վարչապետը վերականգնել է մահապատիժը՝ որպես պատժի առավելագույն չափ’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգ»-ը խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’