‘
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ալֆոնսո Դաստիսը կտրականապես հերքել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելի այն պնդումը, թե Կատալոնիայում Մադրիդի ուղղակի կառավարում մտցնելը, ըստ էության, պետական հեղաշրջում է:
«Եթե որևէ մեկը նույնիսկ փորձում է պետական հեղաշրջում անել, ապա դա կատալոնական կառավարությունն է»,- հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով BBC-ի «Էնդրյու Մառի շոուն» կիրակնօրյա հեռուստածրագրում:
Որոշ տվյալների համաձայն՝ Մադրիդում կենտրոնական իշխանությունները մտադիր են իրենց վերահսկողության տակ վերցնել կատալոնական ոստիկանությունը և TV3 պետական հեռուստատեսությունը:
Նախարարը նաև պնդել է, որ Կատալոնիայում հանրաքվեի օրը ոստիկանության բռնությունների տեսարանների լուսանկարներից շատերը կեղծ են:
Ավելի վաղ Մադրիդի կառավարությունը ներողություն է խնդրել ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժած կատալոնացիներից: Կատալոնիայի իշխանությունների տվյալներով՝ այդ օրը ոստիկանության հետ բախումների հետևանքով բուժօգնության համար դիմել է 1066 մարդ:
Փոխանցում է BBC-ն:
‘