‘
Դատարանը որոշում է կայացրել արտաշիրմել նկարիչ Սալվադոր Դալիի մասունքները՝ ԴՆԹ-թեստ անցկացնելու համար: Այդպիսով դատարանը բավարարել է 60-ամյա Պիլար Աբելի հայցը, որը պնդում է, թե ինքը նկարչի դուստրն է:
Արտաշիրմումն անհրաժեշտ է, քանի որ կենսաբանական նյութեր կամ անձնական իրեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել հայրությունը, չեն պահպանվել, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Փորձաքննությունը կանցկացվի Թունաբանության ազգային ինստիտուտում:
Աբելն առաջին տարին չէ, որ պահանջում է իրեն ճանաչել Դալիի դուստրը: Նա պնդում է, որ 1955 թ. իր մայրն աշխատել է մի ընտանիքում Կադակեսում, որտեղ տուն ուներ նաև Դալին: Աբելի խոսքով՝ իր մոր և նկարչի միջև «բարեկամական կապեր են ստեղծվել, որոնք այնուհետև վերածվել են գաղտնի սիրո»: Այդ մասին Աբելին պատմել է տատը:
1955 թ. Դալին 49 տարեկան էր: 1934 թվականից նա ամուսնացած էր ռուս Գալայի հետ: Երեխաներ չեն ունեցել: Դալին մահացել է 1989 թ.:
Փոխանցում է BBC-ն:
‘