Իսպանիայի հարավում՝ Անդալուսիա ինքնավար համայնքի տատու-սրահներից մեկում, արձանագրվել է կապիկի ծաղկի բռնկում, հաղորդել է Europa Press գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ առողջապահության մարմինները Կադիս գավառի Սան Ֆերնանդո շրջանում հայտնաբերել են կապիկի ծաղկով վարակվելու առնվազն 12 դեպք՝ դաջվածքներով, պիրսինգով զբաղվող սրահում։
Հաղորդվում է, որ սրահը ստուգվել է և որպես կանխարգելիչ միջոցառում՝ փակվել։ Իշխանությունները համաճարակաբանական հետաքննություն են սկսել հիվանդության բռնկման փաստով, ինչպես նաև փնտրում են վարակակիրների հետ շփման մեջ եղած մարդկանց։
Շաբաթ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կապիկի ծաղկի բռնկումը ճանաչել է արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի, սակայն այդ բռնկումը չափավոր ռիսկ է պարունակում աշխարհի բոլոր շրջանների համար, բացի Եվրոպայից, որտեղ ռիսկը բավական բարձր է։
Փոխանցում է ria.ru-ն։