‘Իսպանիայում 3 հազար տարվա կալանքի դատապարտված անջատականը ազատ է արձակվել’

872

Բասկերի անջատական ETA խմբավորման ռազմական թևի նախկին պարագլուխ Սանտյագո Առոսպիդե Սարասոլան, որ Իսպանիայում դատապարտվել էր երեք հազար տարվա ազատազրկման,  ազատ է արձակվել: Այդ մասին տեղեկացրել է El Pais-ը:

Իսպանիայի ազգային դատական պալատն այդ որոշումն ընդունել է Եվրամիության նորմերի հիման վրա, որոնք ամփոփում են կալանավորների պատժաժամկետները ԵՄ անդամ երկրներում: Իսպանիայի խորհրդարանն այդ նորմերը հաստատել է 2014 թ. նոյեմբերին:

Բացի այդ, Սարասոլայի հանդեպ կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումը, որն անօրինական է ճանաչում 2006 թ. Իսպանիայում ընդունված «Պարոտի դոկտրինան», ըստ որի՝ ահաբեկիչները և երկարաժամկետ պատժի դատապարտվածները չեն կարող վաղաժամկետ ազատվել կալանքից:

Սարասոլան, որ հայտնի է «Սանտի Պոտրոս» մականվամբ, 1986 թ. Մադրիդում և 1989 թ. Բարսելոնայում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկն է, որոնցից առաջինի զոհ են դարձել  Ազգային գվարդիայի 12 զինծառայողներ, իսկ երկրորդի ժամանակ զոհվել է 21 մարդ: Ընդհանուր առմամբ՝ նա բանտում է անցկացրել 27 տարի:

Սա իսպանական դատարանի առաջին այսպիսի որոշումը չէ. 2013 թ. հոկտեմբերին բանտից դուրս եկավ ETA-ի 55-ամյա ակտիվիստուհի Ինես դել Ռիո Պրադան, որը 19-24 մարդու սպանությունների համար դատապարտվել էր 3838 տարվա ազատազրկման: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն դեկտեմբերի 9-ից Դոնբասում «լռության օր» է մտցնում’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնական «Ասահի» թերթի նախագահը հրաժարական է տվել’