Իսրայելի իշխանությունները մեղադրում են Իրանին Կիպրոսում ապրող իսրայելցի գործարարների նկատմամբ չկայացած մահափորձ կազմակերպելու մեջ։
Մեկ շաբաթ առաջ Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանյան անձնագիր ունեցող 38-ամյա մի ադրբեջանցու, որը, կիպրոսցիների և իսրայելցիների կարծիքով, հնարավոր է՝ վարձու մարդասպան է։
«Ծրագրված էր ահաբեկչական գործողություն, որը կազմակերպել էր Իրանը իսրայելցի գործարարների նկատմամբ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Առայժմ պարզ չէ, թե քանի մարդ և հատկապես ովքեր պետք է դառնային ենթադրյալ քիլլերի զոհերը (քիլլերի անունը չի նշվում)։
Կիպրոսա-իսրայելական ծագում ունեցող ամենահայտնի գործարարը միլիարդատեր Թեդդի Սագին է՝ Saqi Group-ի հիմնադիրը, որն զբաղվում է Playtech օնլայն-խաղերի ծրագրերի մշակմամբ։ Սակայն Saqi Group-ը կտրականապես հերքում է, թե Սագին կարող է դառնալ պատվիրված սպանության զոհ։ Ժամանակի մեծ մասը գործարարն անցկացնում է Լոնդոնում։
«Սպանության թիրախը ոչ թե Թեդդի Սագին է, այլ Կիպրոսի իսրայելցիները։ Ցավոք՝ շատ հեշտ է չճշտված լուր հրապարակել և վնաս հասցնել մարդու հեղինակությանը»,- ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։
Այնուհանդերձ, ընկերությունը նաև հաստատել է, որ չկայացած հանցագործությունը համարում է Իրանի ձեռքի գործը։
Թեհրանը հերքել է մեղադրանքը։
Փոխանցում է BBC-ն։