‘Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. ԱԳՆ ղեկավար’

1975

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանն առաջին անգամ հրապարակավ հանդես է եկել Իսրայելի կողմից 1915 թ. Օսմանյան Թուրքիայում  Հայերի ցեղասպանության ճանաչման դեմ:

Այն, որ նախարարն այդպիսի դիրքորոշում ունի՝ իբր հարվածի տակ չդնելու համար Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ վաղուց էր հայտնի: Սակայն մինչ օրս ճանաչման դեմ հրապարակավ հանդես էին եկել միայն «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության նրա զինակիցները՝ արտաքին գործերի փոխնախարար Դանի Այալոնը և խմբակցության ղեկավար Ռոբերտ Իլատովը, հաղորդում է Izrus-ը:

«Իսրայելն իր հիմնադրման օրվանից չի ընդունել Հոլոքոստ տերմինի կիրառումը ոչ մի այլ պատերազմի կամ այլ ողբերգության նկատմամբ: Մենք կարծում ենք, որ այն, ինչով անցել է հրեա ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ոչ մի բանի հետ համեմատելի չէ: Մենք չենք ընդունում այլ հակամարտություններն ու վայրագ սպանությունները՝ Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում, տերմինաբանության միջոցով Հոլոքոսի վերածելը»,- նշել է Լիբերմանը RTVi-ին տված հարցազրույցում: «Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ բոլոր փաստերը, պատմության բոլոր տխուր էջերն այնպես ներկայացվեն, ինչպես կան: Ոչ մի այլ երկիր, բացի Ֆրանսիայից, օրենսդրորեն չի ճանաչել հայերի ցեղասպանությունը…,- հավելել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:- Մենք մտադիր չենք միջամտել: Այսօր դա պատմական իրադարձությունից վերածվել է քաղաքական վեճի: Ուստի ես չեմ կարծում, թե Իսրայելըը հիմա պետք է միջամտի այդ խնդրին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Կնեսետում քննարկվել է Հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, որի ընթացքում ներկաների մեծ մասը, այդ թվում՝ Կնեսետի խոսնակը, Իսրայելի խորհրդարանին կոչ են արել ճանաչել Հայերի ցեղասպանությունը: Իսկ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, Կնեսետի անդամ Բենիամին Բեն-Էլիեզերը հայտարարել է, թե Կնեսետում Հայերի ցեղասպանության հարցի քննարկման պատճառն  ընդամենը  դժգոհությունն է Թուրքիայի ներկա ղեկավարության վարած քաղաքականությունից:

Մինչդեռ օրերս Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը ИА REGNUM-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայերի ջարդերի ճանաչման հարցը շատ բարդ է: Իսրայելում շատերը կողմ են ճանաչմանը, այդ թվում, ինչպես նշեցիք՝ Կնեսետի անդամներից շատերը նույնպես:  Հասկանալի է, որ որպես իսրայելցիներ ու հրեաներ՝ մենք հատկապես զգայուն ենք և նույնիսկ բարոյական պարտք ունենք հիշելու այնպիսի ողբերգությունները, ինչպիսին հայ բնակչության կոտորածն է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Իսրայելը երբեք դա չի հերքել և հասկանում է այն սարսափելի տառապանքը, որ ապրել է հայ ժողովուրդը: Կնեսետի կրթության հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտեց այդ հարցի շուրջ: Այսինքն՝ Իսրայելն այն կարծիքի է, որ այդպիսի նրբին հարցում դեպքերի քննությունը պետք է կատարվի բաց քննարկումների միջոցով, որոնք հիմնված կլինեն տվյալների ու փաստերի վրա, դա չպետք է լինի սոսկ քաղաքական որոշումների կամ հայտարարությունների արտահայտություն: Այդ թեման երկար տարիներ քաղաքական երանգներ է ստացել հայերի և թուրքերի կողմից, և կողմերից յուրաքանչյուրը ջանում է ապացուցել, որ իր պահանջներն արդարացի են: Իսրայելը չի ցանկանում ստանձնել կատարվածը բնորոշելու դերակատարում, քանի որ դա կնշանակի աջակցել կողմերից մեկի քաղաքական դիրքորոշմանը: Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կվերսկսեն երկխոսությունը, որ նախաձեռնվել էր 2009 թ., և հաշտության կգան, ինչը նրանց հնարավորություն կտա համաձայնություն ձեռք բերել այդ ցավոտ հարցում»:

Աղբյուրը` Regnum գործակալություն 

Նախորդ հոդվածը‘Լարված իրավիճակ ՄԻԵԴ դիմաց` Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի կապակցությամբ. լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘ՎՍԴՀԿ շնորհավորանքը` Բանակի օրվա կապակցությամբ’