‘
Իսրայելական օդային ուժերը 2012թ-ի նոյեմբերի զինադադարից հետո առաջին անգամ հարվածել են Գազայի հատվածի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համաձայն ստացված տեղեկությունների` օդանավերը ռմբակոծել են Գազայի հյուսիսային ազատ շրջանները, որոնցից ոչ ոք չի տուժել: Իր հերթին իսրայելական բանակի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ իսրայելական կողմը պատասխանել է Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջաններին ուղղված երեք հրթիռներին: Դրանով պաղեստինցիներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի բանտում պաղեստինցի ձերբակալված Մայսրա Աբու Համիդի մահվան կապակցությամբ:
2012թ.-ի նոյեմբերին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի միջնորդությամբ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ութօրյա ռազմական գործողություններից հետո համաձայնություն էր կնքվել կրակը դադարեցնելու վերաբերյալ: Մոտ մեկ շաբաթ տեւած բախումների հետեւանքով զոհվել էր 166 պաղեստինցի եւ 6 իսրայելցի:
‘